
Մոսկվայում տապալվել է Անդրեյ Մակարեւիչի համերգը

Ռուսական Дождь հեռուստաալիքի փոխանցմամբ՝ անհայտ անձինք տապալել են հայտնի երաժիշտ Անդրեյ Մակարեւիչի համերգը, որն անցկացվել է Մոսկվայի Երաժշտության տանը: Նա ռուսաստանցի այն արվեստագետներից է, ով դատապարտում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի իշխանությունների քաղաքականությունը:
«Ելույթի մոտավորապես 38 րոպեին սրահի այսպես կոչված vip մասից հինգ-վեց 25-30 տարեկան երիտասարդներ բարձրացան՝ «Մակարեւիչ՝ դավաճան, հայրենիքը ծախող» բղավոցներով», պատմել է ականատես Ալինա Կուպերվասարը:
Դրանից հետո Մակարեւիչն ասել է. «Շնորհակալություն, եթե դուք վերջացրեցիք, թույլ տվեք շարունակել համերգը», եւ հանդիսատեսը ծափահարել է:
Համերգը տապալել ցանկացող անձանց անվտանգության աշխատկիցները դուրս են հրավիրել, սակայն որոշ ժամանակ անց առաջին շարքերի հանդիսատեսները հազալով դուրս են եկել, եւ պարզ է դարձել, որ նշված երիտասարդների կողմից սրահում կծու սփրեյ է օգտագործվել: Արդյունքում Մակարեւիչն ու նրա խումբը, ինչպես նաեւ մնացած հանդիսատեսը ստիպված են եղել լքել սրահը:
Ականատեսը հեռուստաալիքին պատմել է, որ մարդկանց բժշկական դիմակներ են տրվել եւ տեղեկացվել է, որ համերգը չեղյալ է հայտարարվում: Ըստ նրա՝ համերգի տապալումը կազմակերպված ակցիա է եղել: