Բաժիններ՝

Թե ինչպես Երիցյանը որդեկորույս մոր տան տերը դարձավ

«Երիցյանը փող էր տվել դատարանին, որ իր օգտին վճիռ կայացնեն: Ինձնից էլ էին փող ուզում, բայց ես որտեղի՞ց տայի, իսկ Երիցյանը տվել էր: Ես զանգեցի Երիցյանին, ասացի` դու գիտես, թե ամեն ինչ փողո՞վ ա, վերեւն Աստված կա: Երիցյանն ինձ վերջին բառերով անպատվեց, հետո էլ կինը վերցրեց հեռախոսը եւ շատ վիրավորական բառեր ասաց: Ինձ երբեք այդպես չէին վիրավորել: Եթե տղաս կենդանի լիներ կամ ամուսինս բանտում չլիներ, չէին համարձակվի ինձ հետ այդպես խոսել»,-forrights.am-ի հետ զրույցում պատմում է  Գայանե Թումասյանը:

Սեւազգեստ կինն այժմ վարձով է ապրում, իսկ մահացած որդու զավակն ու կինը ստիպված են եղել այլ կացարան գտնել: Գայանեի տունը ապօրինի գործարքի արդյունքում անցել է Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Հովհաննես Երիցյանին, ումից տուժած մեկ այլ ընտանիքի մասին մենք արդեն գրել ենք:

Գայանե Թումասյանի ամուսինը` Լուսաբեկ Սամվելյանը, «Նորաշեն-2007» կոոպերատիվի նախագահի տեղակալն է եղել եւ Արմեն Թադեւոսյանի հետ շենք է կառուցել, որի բնակարանները դեռեւս կառուցման փուլում վաճառվել են տասնյակ քաղաքացիների, որոնք նորակառույց շենքում բնակարան ձեռք բերելու համար իրենց տները հանձնել կոոպերատիվին:

Ներկայումս խարդախության մեջ մեղադրվող Լուսաբեկ Սամվելյանը դատարանում ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը տարիներ շարունակ տոկոսով գումար է վերցրել Հովհաննես Երիցյանից` նրա միջնորդներ Արտակ Մարտիրոսյանի, Վահե Վարդանյանի եւ վերջինիս քեռու` Գագիկի միջոցով:

Մեր ձեռքի տակ է «Նորաշեն-2007» կոոպերատիվի հաշվապահական գրքի այն էջը, որտեղ «ելքեր» հատվածում առկա են նշված անձանց անունները` նրանց հասանելիք միջնորդավճարներով եւ տոկոսներով :

E3F_pastatuxt

Լուսաբեկ Սամվելյանի խոսքով` Երիցյանից վերցված տոկոսով գումարի դիմաց իրենք գրավ են դրել «Նորաշեն-2007»-ին վստահված տները, իսկ հետագայում քաղաքացիներից վերցված տները վերադարձնելու համար Սամվելյանը ստիպված է եղել իր սեփական առանձնատունը գրավ դնել:

Նա պնդում է, որ գրավի փոխարեն Երիցյանն իրեն պարտադրել է կնքել սեփականության առքուվաճառքի պայմանագիր: Գրեթե 1 միլիոն դոլար արժեք ունեցող առանձնատունը ընդամենը 400 հազար դոլարով անցել է Հովհաննես Երիցյանին:

Ըստ պայմանավորվածության` այդ գումարը վերադարձնելու դեպքում Լուսաբեկը պետք է հետ ստանար իր առանձնատունը, սակայն անկարող լինելով վճարել տոկոսները, կորցրել է տունը, իսկ Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, այս գործարքում հանդես է եկել որպես միջնորդ` ստանալով 10 տոկոս միջնորդավճար` 40 հազար դոլար: Նույնչափ գումար էր սահմանվել նաեւ որպես ամսեկան տոկոս:

Սակայն առքուվաճառքի պայմանագիրը կնքելիս կողմերը կեղծիք են կատարել, որը հետագայում բացահայտվել է Վերաքննիչ դատարանում: Բանն այն է, որ Լուսաբեկ Սամվելյանի տան ½-ը պատկանում էր կնոջը` Գայանե Թումասյանին, ով տեղյակ չի եղել ամուսնու եւ Երիցյանի գործարքներից:

Երիցյանի սանիկը` Վահե Վարդանյանը, նոտարում կեղծ հայտարարություն է տվել այն մասին, թե Լուսաբեկ Սամվելյանը ամուսնացած չէ, այնինչ վերջինիս պնդմամբ` թե Վահեն, թե Երիցյանը հիանալի տեղյակ են եղել իր ամուսնական կարգավիճակի մասին: Նույն հաստատում է նաեւ Լուսաբեկի կինը` Գայանե Թումասյանը:

«Երիցյանը եկավ մեր տուն, ամուսինս ներկայացրեց ինձ որպես իր կին, իրենք գիտեին, որ ես Լուսաբեկի կինն եմ: Հետո իմացա, որ ամուսինս գրավ է դրել մեր տունը: Ամուսինս ինձ մանրամասներ չէր ասել` իմանալով, որ ես շատ ծանր եմ տարել տղայիս մահը»,- պատմում է Գայանեն՝ հավելելով, որ ամուսինը 1.5 տարուց ավելի ամսեկան 40 հազար դոլար տոկոս է տվել Երիցյանին, իսկ երբ ի վիճակի չի եղել վճարելու, Երիցյանն իրենց վտարել է տնից:

Գայանե Թումասյանը դիմել էր դատարան` պահանջելով առքուվաճառքի պայմանագիրը ½ մասով չեղյալ համարել: Տունը կորցրած կինը պնդում է, որ ընդհանուր իրավասության դատարանը կողմնակալ վճիռ է կայացրել հօգուտ Երիցյանի, քանի որ վերջինս փող է տվել: Վերաքննիչ դատարանը բեկանել է այդ վճիռը եւ գործը հետ ուղարկել վերաքննության:

BZ2_top

Հովհաննես Երիցյանը «forRights.am»-ին վստահեցնում էր, որ ինքը պարզապես գնել է առանձնատունը` առանց տեղյակ լինելու, թե Լուսաբեկն ամուսնացած է: Մինչդեռ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշման մեջ նշված է, որ Վահե Վարդանյանը նոտարին «հայտնել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն» եւ «այդ տեղեկության իրականությանը չհամապատասխանելու հանգամանքը մինչեւ պայմանագրի կնքումը հայտնի է եղել նաեւ Հովհաննես Երիցյանին»:

Սակայն Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը եւս մեկ վճիռ է կայացրել Երիցյանի օգտին: Գայանե Թումասյանը կրկին բողոքարկել է եւ Վերաքննիչ դատարանը երկրորդ անգամ եւս արձանագրել է, որ ընդհանուր իրավության դատարանը «չի բացահայտել գործով ձեռք բերված ապացույցներով հաստատված փաստերը»:

«Անկեղծ ասած` չէի սպասում, բայց երբ դատավորը կարդաց որոշումը, ես կրկին հավատացի, որ արդարություն գոյություն ունի»,- ասում է Գայանե Թումասյանը:

Հովհաննես Երիցյանը դատարանի այս որոշման դեմ բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան, բողոքը, սակայն չի ընդունվել վարույթ: Այն, այժմ արդեն երրորդ անգամ քննվելու է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, որը «ոչ օբյեկտիվ քննության» արդյունքում` երկու վճիռ էր կայացրել Երիցյանի օգտին:

Գայանե Թումասյանն ասում է, որ Հովհաննես Երիցյան-Վահե Վարդանյան զույգը իրենց բոլոր գործարքները կնքում են Նորքի նոտար Նոնա Գասպարյանի մոտ, քանի որ վերջինս «իրենց մարդն է, ոնց ուզում են, անում են»:

Այս մասին Գայանեն հաղորդում է տվել ոստիկանություն` հայտնելով, որ Երիցյանը շինծու գործարքի շնորհիվ է տիրացել իր սեփականությանը: Ոստիկանության Նորքի բաժնում նյութեր են նախապատրաստվել, սակայն Երիցյանը նույնիսկ չի հարցաքննվել եւ քրեական գործի հարուցումը մերժվել է: Գայանեն բողոքարկել է որոշումը և այժմ այն քննվում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Հովհաննես Երիցյանը հերքում է, թե ինքը որեւէ շինծու գործարք է կնքել, ավելին` վստահեցնում է, որ տունը օրինականորեն ձեռք բերելուց հետո հավելյալ 100 հազար դոլար է տվել Գայանե Թումասյանին, ինչը վերջինիս խոսքով` Երիցյանի հերթական սուտն է:

Եթե օրենքի շրջանակներում է գնել առանձնատունը, ինչո՞ւ է հավելյալ մեծ գումար տվել Գայանեին, հարց ուղղեցինք Երիցյանին. «Բա ի՞նչ անեի: Ջուրն ընկնողը թրջվելուց չպիտի վախենա»,- սա էր պատասխանը:

Նախկին գործընկերը եւս վկայություն է տվել Երիցյանի դեմ

Հովհաննես Երիցյանի նախկին գործընկերը` Արտակ Մարտիրոսյանը եւս վկայել է այն մասին, որ Վահե Վարդանյանն ու Հովհաննես Երիցյանը վաշխառությամբ են զբաղվել: Նա դատարանում հաստատել է տեղեկությունը, որ Լուսաբեկ Սամվելյանն իր առանձնատունը «տվել» է Երիցյանին` նախկինում գրավ դրված տները հետ վերցնելու համար:

Ինչ վերաբերում է տոկոսով գումար փակվելուն, Արտակ Մարտիրոսյանը վկայել է. «Տոկոսը տվել եք Վահիկին, ինքն էլ ասում էր, որ Երիցյանին ա տվել, հիմա տվել ա, թե չէ` ես չգիտեմ»:

Մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ նաեւ Երիցյանի սանիկից` Վահե Վարդանյանից, ով չնայած երիտասարդ տարիքին, շքեղ առանձնատուն ունի Երեւանում եւ «Ice Watch» ընկերության ժամացույցերի խանութներ` «Դալմա» եւ «Երեւան» մոլերում: Վահե Վարդանյանը, սակայն, կտրականապես հրաժարվեց զրուցել մեզ հետ. «Ես ասելու բան չունեմ»:

Արման Ղարիբյան

ՀԳ – Վաշխառուների գործունեությունից տուժած մեկ այլ անձի պատմությունը կներկայացնենք առաջիկայում, ինչպես նաեւ կանդրադառնանք Հովհաննես Երիցյանի` Հայաստանի ու Ռուսաստանի իշխանությունների հետ ունեցած կապերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս