Սերժ Սարգսյանը Կոլումբիայի համալսարանում հանդես է եկել դասախոսությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգներ աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին հյուրընկալվել է աշխարհի հեղինակավոր կրթօջախներից մեկում՝ Կոլումբիայի համալսարանում, որտեղ հանդես է եկել դասախոսությամբ:
Սերժ Սարգսյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային խնդիրները, մարտահրավերներն ու հնարավորությունները, անդրադարձել հայ ժողովրդի պատմությանը, հոգևոր-մշակութային ժառանգությանը, ընտրած՝ զարգացման ժողովրդավարական ուղուն, առկա մարտահրավերներին.
«Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը մշտապես կառուցել է տարբեր համակարգերի, տարածաշրջանում ներգրավված ուժերի շահերի համադրման, այլ ոչ թե հակադրությունների բաժանարար գծերի ստեղծման հիման վրա: Բերեմ մի քանի օրինակ: Հայաստանը և Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, և հայ-ռուսական փոխօգնության պայմանագիրը՝ ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության հետ մեկտեղ, մեր անվտանգության հենասյուներից է: Դրան զուգահեռ Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջոցով իր ակտիվ ներդրումն է բերում միջազգային անվտանգության և կայունության գործին ինչպես անհատական գործողությունների ծրագրի, այնպես էլ միջազգային խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
Մենք կարևորում ենք ԱՄՆ հետ բարեկամական գործընկերության շարունակական զարգացումը` ընդգրկելով համագործակցության նորանոր ոլորտներ: Այսօր արդեն բանակցություններն ընթանում են մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման շուրջ: Բարձր ենք գնահատում ԱՄՆ կողմից ՀՀ-ին ցուցաբերվող աջակցությունը: ԱՄՆ 42 նահանգ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, իսկ վերջին տարիներին մի շարք նահանգներ ճանաչել են նաև Լեռնային Ղարաբաղի անկախությունը, Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: ԱՄՆ-ում ստվար հայկական համայնք կա, որի ակտիվ հասարակական-քաղաքական գործունեությունն, անկասկած, իր դրական դերն է խաղում և հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման յուրատեսակ շարժիչ ուժ հանդիսանում:
Ինչպես հայտնի է, Հայաստանն ընթացիկ տարում պատրաստվում է միանալ Եվրասիական տնտեսական միության հիմնադրման մասին պայմանագրին, որը նոր հեռանկարներ կբացի մեր տնտեսության հետագա զարգացման համար, ինչպես նաև հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար:
Միաժամանակ, Հայաստանը շարունակում է Եվրոպական Միության հետ համակողմանի համագործակցությունն ինչպես Արևելյան գործընկերության, այնպես էլ երկկողմ ձևաչափով: Եվրամիության և արևմուտքի աջակցության շնորհիվ մեր երկիրը լուրջ բարեփոխումներ է իրականացրել ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության, տնտեսության ազատականացման և շատ այլ կարևոր ոլորտներում: Համոզված եմ՝ դրանք շարունակական բնույթ են կրելու: Մենք քաջ գիտակցում ենք, որ այդ բարեփոխումների նպատակն այս կամ այն կառույցին ինտեգրվելը չէ. դրանք առաջին հերթին մեզ են պետք:
Ավելին՝ մեր օրերում, երբ միջպետական սահմաններն ավելի ու ավելի թափանցիկ են դառնում, և միջմայրցամաքային միասնական տնտեսական տարածքներ են ձևավորվում, անիմաստ է խոսել տարբեր համակարգերի հակասությունների մասին: Անիմաստ է նաև սեփական արտաքին քաղաքականությունը կառուցել այդ հակասությունների վրա: Համոզված ենք՝ Հայաստանն, անդամակցելով ԵՏՄ-ին, կապող օղակ կհանդիսանա այդ կառույցի երկրների և արևմտյան երկրների գործարար համայնքների համար:
Ուստի մեր գործընկերների հետ համագործակցության այնպիսի մեխանիզմներ ենք փորձում մշակել, որոնք համադրվում և ոչ թե հակադրվում են: Սրանք լոկ խոսքեր չեն, դա է մեր մտածելակերպը, մեր ամենօրյա աշխատանքը, մեր տեսլականը, և մենք դրան եկել ենք սեփական փորձով:
Հետևողականորեն առաջ ենք մղում նաև մեր երկկողմ եվրոպական օրակարգը: Վերջին 4-5 ամիսների ընթացքում ես այցելել եմ մի շարք Եվրոպական երկրներ ու նաև Հայաստանում հյուրընկալել բազմաթիվ երկրների նախագահների և բարձրաստիճան այլ պաշտոնյաների»,-իր խոսքում ասել է Հայաստանի Նախագահը:
Սերժ Սարգսյանը Հայաստանի զարգացման գրավականը համարել է լավ կրթված և իր գործի նվիրյալ երիտասարդությանը, խոսել դեռևս միջնադարից եկող՝ Հայաստանի կրթական ավանդույթների մասին, երբ նշանավոր հայկական այնպիսի կրթօջախներ, ինչպիսիք էին Գլաձորի և Տաթևի համալսարանները, դարձել էին իրենց ժամանակի կրոնական, հասարակական, քաղաքական, փիլիսոփայական նաև ստեղծագործական մտքի զարգացման կենտրոններ:
Հանրապետության Նախագահը ներկայացրել է Հայաստանի կրթական համակարգի բարեփոխման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև «Լույս» հիմնադրամի գործունեությանը. «Մեր մյուս կարևոր նախաձեռնությունն է «Լույս» հիմնադրամի ստեղծումը, որը հովանավորում է հայ երիտասարդներին՝ ուսանելու աշխարհի առաջատար բուհերում՝ այդ թվում ձեր համալսարանում, և իրենց գիտելիքները ներդնելու հայրենիքի զորացմանը: Այդ գործի ճանաչված հովանավորներից է ամերիկահայ Ասո Թավիտյանը, ով բազմաթիվ հայաստանցիների, այդ թվում գործող դիվանագետների հնարավորություն է տալիս ստանալու լավագույն մրցակցային կրթություն ԱՄՆ-ում: Անձամբ համարում եմ, որ կրթությունը մարդուն տալիս է արժանապատվություն, իսկ արժանապատիվ երիտասարդ սերունդ ունենալը Հայաստանի նման փոքր պետության համար մեծ հարստություն է»,-ընդգծել է Սերժ Սարգսյանը:
Նախագահը տեղեկացրել է նաև, որ Հայաստանի կառավարությունը, համագործակցելով Քեմբրիջի համալսարանի և Լոնդոնի կրթության ինստիտուտի հետ, վերջերս սկսել է մի մեծամասշտաբ կրթական նախաձեռնություն, որը կոչվում է «Կրթության գերազանցության ազգային ծրագիր»: Ծրագրի նպատակն է` կարևորել ուսուցչի դերը հասարակության մեջ, գրավիչ դարձնել կրթության սպասավորի մասնագիտությունը, լավագույն մարդկային ռեսուրսներն ուղղել դեպի կրթություն և ձևավորել մրցունակ, առաքելության զգացողություն ունեցող ուսուցիչների համայնք:
Սերժ Սարգսյանը խոսել է աշխարհաքաղաքական ներկայիս իրավիճակի, համընդհանուր անվտանգությանն սպառնացող մարտահրավերների և հատկապես վերջին շրջանում վտանգավոր զարգացումների մասին, ներկայացրել Հայաստանի դիրքորոշումն ու խաղաղապահ գործողություններին մեր երկրի՝ տարեցտարի ընդլայնվող մասնակցությունը, ծայրահեղականների վայրագություններից տեղահան եղած փոքրամասնություններին որպես դոնոր Հայաստանի օժանդակությունը, փախստականներին տանիք տրամադրելու ուղղությամբ աշխատանքները՝ նշելով, որ Հայաստանն ընդունել է տասը հազարից ավելի փախստական միայն Սիրիայից:
«Հարգելի ներկաներ, արդեն շուրջ 25 տարի զբաղեցնելով պետական բարձր պաշտոններ և լավ գիտակցելով այն պատասխանատվության չափը, որ յուրաքանչյուր պաշտոնյա, հատկապես՝ երկրի ղեկավար, կրում է, եկել եմ այն համոզման, որ մենք բոլորս միասին ունենք եզակի հնարավորություն գալիք սերունդներին թողնելու ավելի ապահով, առավել բարեկեցիկ աշխարհ, և դա անելու միակ ճիշտ ուղին գոյություն ունեցող մարտահրավերները հնարավորությունների վերածելն է»,-ընդգծել է Նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ Նախագահը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանը, այդ թվում՝ հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների զարգացմանը, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն ու հեռանկարին, Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո Հայաստանի զարգացման հնարավորություններին, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին, ինչպես նաև Հայաստանի ներքին կյանքին, սոցիալ-տնտեսական խնդիրներին ու տնտեսության զարգացման առաջնահերթություններին, տարածաշրջանային մարտահրավերներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին և հեռանկարին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ