Համամասնական ընտրակարգով ծնունդ եք տալու քաղաքական օլիգարխիային. Լևոն Շիրինյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ ներքաղաքական ներկա իրավիճակին՝ ասելով, որ հիմա արդեն քառյակ չկա, այդ բոլորը բլեֆ է. հիմա եռյակ է, և դա առանձնապես մի մեծ ողբերգություն էլ չէ.

«Արդեն բավական ժամանակ է անցել այն օրից, երբ ոչ իշխանական ուժերը իշխանությանը ներկայացրին 12 պահանջներ, սակայն իշխանությունն այդ ուղղությամբ դեռևս ոչ մի քայլ չի կատարել: Եթե եռյակը կարողանա այդ 12 կետերը տեղից շարժել, ամեն քաղաքացի իր շահը կտեսնի այդ գործի մեջ, քանի որ ժողովրդի անմիջական կենցաղի հետ կապ ունի: Իհարկե, սա հեղափոխություն, արմատական փոփոխություն չէ, և դրա միտքն էլ առայժմ չկա, բայց եթե դրանով սկսեն, ապա գործն անպայման առաջ կգնա:

Օրինակ, եթե ես լինեի Հանրապետական կուսակցության նախագահը, այդ աշխատանքը հետները կանեի, քանի որ մեր երկիրն այնպիսի ճգնաժամանային իրավիճակում է, որ պետք է բոլորի մտահոգության առարկան լինի օգնել նրանց»:

Լևոն Շիրինյանը միայն մեկ դիտողություն ունի՝ կապված այդ 12 կետերի հետ. նա համաձայն չէ համամասնական ընտրակարգի հետ. «Եթե համամասնական ընտրակարգի են անցնում՝ առանց բացատրություն տալու, ապա իմացեք, որ եթե դուք տնտեսական օլիգարխիան վերացնելու հույս ունեք, այդ դեպքում արդեն ծնունդ եք տալու քաղաքական օլիգարխիային և հանցավոր գործարքների հնարավորություն՝ համամասնականի համար: Ստեղծվելու է մի իրավիճակ, երբ ցուցակը, ստացած ձայները բաժանելու են իրար մեջ: Թափանցիկության սկզբունքը պետք է դնել համամասնականի հետ միասին: Եթե դա չի լինելու, ապա ոչ մի բան էլ փոխել պետք չէ, ոչինչ չենք ստանալու: Սա հայաստանյան քաղաքական իրավիճակի ամենախոցելի կետերից մեկն է»:

Ամփոփելով իր խոսքը՝ քաղաքագետն ասաց, որ ոչ իշխանական ուժերը չպետք է բարձրացնեն իշխանափոխության հարցը, քանի որ դա անլուրջ քայլ կլինի նրանց կողմից: Նրա խոսքով՝ եթե ներկայացրել են 12 կետերից կազմված պահանջներ, ապա պետք է հետամուտ լինեն այդ կետերի կյանքի կոչմանը. չէ՞ որ ժողովուրդը դրան է սպասում: Հակառակ դեպքում, ըստ նրա, գործընթացն ընդմիշտ կտապալվի:

 

Տեսանյութեր

Լրահոս