Տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ մասնակցել բողոքի ակցիաներին. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նախօրեին «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երևանյան տոնավաճառների առևտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առևտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից:
Երեկ տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում սովորաբար իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում (այնտեղ ապահով է), առավոտյան այն նորից հետ են վերցնում:
«Ժողովուրդ»-ն ահազանգ է ստացել, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա»:
Կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։