Ոստիկանապետը հերթական ցուցումն է իջեցրել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմության հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ ոստիկանապետ Վովա Գասպարյանն անցել է կաբինետային «զորավարժությունների»:

Երեկ ուշ երեկոյան տեղեկություն ստացանք, որ ոստիկանությունում հերթական հավաքն է եղել համապատասխան ստորաբաժանումների պատասխանատուների հետ՝ հանրահավաքները ցրելու թեմայով:

Գասպարյանը հատուկ շեշտել է, որ այս անգամ չի հանդուրժելու ակտիվիստների հանդեպ ոստիկանների «փիլիսոփայական մոտեցումը», որոնք «երբեմն շրջանցում են օրենքը»՝ սկանդալը չթեժացնելու համար: Այս անգամ հանձնարարել է բոլոր խախտումները պատժել «օրենքի ողջ խստությամբ»:

Ընդգծել է, որ պիտի օրենքով նախատեսված կարգով բերման ենթարկեն ու սանկցիաներ կիրառեն:

Ուշագրավն այն է, որ որոշ ոստիկաններ տեղից նկատել են հանրահավաքին ազատամարտիկների հնարավոր մասնակցության մասին: Թերևս նկատի են ունեցել օրեր առաջ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում անցկացված ԲՀԿ-ական երկրապահների հավաքը:

«Մտահոգվել» են, թե կռված տղերքը տաքարյուն են ու կտրուկ գործողությունների կողմնակից: Գասպարյանն էլ այս «մտահոգությանը» հակադարձել է, թե սադրանքները կանխելը ոստիկանների գործառույթն է, և 24 ժամ ժամանակ է տվել նրանց մտածելու՝ ունա՞կ են իր նշած «մոտեցումները» դրսևորել հանրահավաքին, թե՞ ոչ: Անգամ ակնարկել է՝ ով որ կարծում է, որ օրենքը կիրառելով կվնասի իր տանիքին, կարող է հեռանալ: Ակնարկն ուղղված է եղել ծպտյալ և ոչ ծպտյալ «ընդդիմադիրներին»»:

Ամբողջությամ կարդացեք «Հրապարակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս