Ռուսաստանի գլխավոր դատախազությունը ստուգում է «Բաշնեֆթ»-ի գործի հարուցման օրինականությունը
INTERFAX գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի գլխավոր դատախազությունն արդեն սկսել է «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված քրեական գործի հարուցման օրինականության ստուգումները: Այս մասին հայտնել է գործով անցնող՝ «Բաշնեֆթ»-ի նախկին ղեկավար Ուրալ Ռախիմովի պաշտպան Իլնուր Սալիմյանովը:
«Մենք պաշտոնապես բողոք ենք ներկայացրել: Դրանից հետո դատախազությունն սկսել է իր ստուգումները», – ասել է փաստաբանը: Նա պարզաբանել է, որ ստուգումները կազմակերպվում են ավտոմատ եղանակով՝ բողոքի ստացումից հետո: «Չգիտեմ, երբ հայտնի կլինեն արդյունքները: Կարծում եմ՝ հոկտեմբերին», – նշել է փաստաբանը:
Հիշեցնենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրված նաեւ «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովին եւ հայազգի հայտնի գործարար Լեւոն Հայրապետյանին: