Նոր իմպլանտ, որը զգուշացնում է սրտի ինֆարկտի մասին
Հիվանդ օրգանիզմում առաջին անգամ տեղադրվել է սարք, որն ի վիճակի է, այսպես ասած, կռահել սրտի ինֆարկտի մասին նույնիսկ մինչև առաջին նախանշանները: Փորձարկումն արվել է Եվրոպայում: Փոքրիկ սարքը հասկանում է սրտի անբավարար արյան շրջանառությունը և զգուշացնում հիվանդին ակուստիկ և վիզուալ կերպով: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ սարքը կոչվում է Guardian, այն տեղադրվում է կրծքավանդակի շրջանում և ամրացվում սրտին բարակ լարերով: Իմպլանտը զգում է սրտի արյան շրջանառության անբավարարությունը և զգուշացնում է հիվանդին ակուստիկ կերպով: Սրտի պսակաձև խցանված անոթները ճիշտ ժամանակին հնարավոր է բացել սրտի լաբորատորիայում՝ այդպիսով կանխելով ինֆարկտը: Սարքի պատրաստմանը մասնակցած մասնագետները նշում են, որ իրենց նպատակը ինֆարկտի առաջին ախտանշանների և բժշկական միջամտության միջև ընկած ժամանակահատվածը կրճատելն է, որպեսզի օգնությունը ցուցաբերվի ճիշտ ժամանակին:
Սարքը օգտակար կլինի այն բոլոր հիվանդների համար, ովքեր պատկանում են հատկապես անոթային խցանում ունեցողների խմբին, կամ էլ նրանց համար, ում մոտ առաջին ինֆարկտի ժամանակ բացակայել են ախտանիշները: Մինչ այժմ վերահսկվող գիտական ուսումնասիրության շրջանակներում սարքը կիրառվում է հատուկ ընտրված հիվանդների համար, ովքեր հատկապես կշահեն դրանից: ԱՄՆ-ում սարքն արդեն փորձարկվել է և հաջողվել փորձին մասնակցած հիվանդների մոտ կանխել ինֆարկտը: