Հայտարարություն` «Հայկական ժամանակ»-ի լրագրողի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ
Լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը՝ սեպտեմբերի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 19-ին Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի թատրոնում, ուր ընթանում էր «Հայաստան-Սփյուռք» համաժողովը, ապա նաեւ թատրոնին հարող տարածքում խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Թագուհի Հովհաննիսյանի մասնագիտական գործունեությունը: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ընկերակցության ղեկավար Արտյուշա Կարապետյանը, որին լրագրողը մոտեցել է իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները ստանալու ակնկալիքով, քաշքշել է նրան, խլել ձայնագրիչը եւ շպրտել, ապա հրահանգել իրեն ուղեկցող անձանց՝ «սրան ստեղից կորցրեք»:
Քիչ ուշ, արդեն Կարապի լճի մոտ, «ՀԺ» թղթակիցը փորձել է հեռախոսով նկարել Արտյուշա Կարապետյանին, սակայն վերջինիս ուղեկցողները խլել են հեռախոսը եւ սպառնացել այն նետել ջուրը: Նրանցից մեկը ջնջել է նկարահանածը եւ վերադարձրել հեռախոսը:
Մենք՝ ներքոստորագրյալներս, ողջունելով համաժողովի կազմակերպիչների դատապարտող գնահատականները կատարվածին, այնուամենայնիվ հերթական անգամ հարկ ենք համարում նշել, որ լրագրողական գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է, եւ դրան պետք է հետեւի իրավապահ մարմինների համարժեք արձագանքը։
ՀՀ դատախազությունից պահանջում ենք սույն հայտարարությունը, ինչպես նաեւ մամուլի հրապարակումները դիտել որպես հաղորդում հանցագործության մասին եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար:
ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ