Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Արմավիրի մարզ (լուսանկարներ)

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ:

Հանրապետության Նախագահն այցելել է Նորապատի հիմնանորոգված միջնակարգ դպրոց, շրջել ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված շինարարական աշխատանքներին և դպրոցի նոր պայմաններին: Դեռևս 1971թ. կառուցված դպրոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտվել են ս.թ. սեպտեմբերի 20-ին:

Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ՝ 12 դասարանով, դասավանդում է 27 մանկավարժ: Նախագահին զեկուցվել է, որ դպրոցի ներքին հարդարման, սալիկապատման, տանիքի նորոգման ու պատուհանների փոխարինման հետ միասին անցկացվել են նաև ջեռուցման և ջրամատակարարման նոր համակարգեր, կառուցվել է խոտածածկ մարզահրապարակ, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, ցանկապատվել և կանաչապատվել է դպրոցի ամբողջ տարածքը:

Նախագահ Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Լենուղի համայնքում գտնվող «ՄԱՊ» ընկերություն, որտեղ ներկա է գտնվել խաղողի մթերման արդիականացված արտադրամասի բացմանը:

serj7

Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ կոնյակի, գինու և պտղահատապտղային պահածոների արտադրությամբ զբաղվող ընկերությունը, ձեռնարկության հիմնանորոգման, արդիականացման, ժամանակակից տեխնոլոգիական սարքավորումներով հագեցման և որակի վերահսկողության համակարգերի ներդրման քաղաքականության արդյունքում ձեռք է բերել իտալական արտադրության ժամանակակից խաղողի մթերման և գինու արտադրության նոր առաջնային հոսքագիծ:

se4rj4

Արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2013թ. հոկտեմբերին և ավարտվել ս.թ. սեպտեմբերի սկզբին: Կատարված աշխատանքների արդյունքում, գործարանի արտադրական հզորություններն այսօր թույլ են տալիս մթերելու տարեկան մինչև 20,000տ խաղող և մինչև 20,000տ պտուղբանջարեղեն:

Գործարանի պատասխանատուների հավաստմամբ, 2014թ. նախատեսվում է մթերել 10,000տ բանջարեղեն, որից՝ 8000տ լոլիկ, 500տ պտուղ և 4000տ խաղող:

Նշվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում: Ներկայումս ընկերությունն ունի 216 աշխատակից՝ 134 հազ. դրամ միջին աշխատավարձով:

serj11

ՀՀ Նախագահի աշխատակազմ          

Տեսանյութեր

Լրահոս