Պետրոս Մակեյան. ՀՅԴ-ն կույս աղջկա պահվածք է ընդունում, փորձում է խաղալ արդեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև
Երեկ Անկախության 23-րդ տարեդարձին «Ժողովրդական հայրենիք» կուսակցությունը նիստ է անցկացրել և ընդունել է մի քանի փաստաթուղթ և որոշումներ: Կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այդ որոշումները հիմնականում կապված են Հայաստանի 23 տարվա անկախության տարելիցի հանգրվանին, թե ինչի ենք հասել:
«Այդ հայրարարությունների մեջ կան հստակ գնահատականներ ներկա իրավիճակի, որ այլևս վտանգված է մեր պետականության հիմքերը»,- նշեց Պ. Մակեյանը:
Ըստ նրա՝ իշխանությունը, փատորեն, զավթել է և՛ իշխանական դաշտը, և՛ ընդդիմադիր դաշտը՝ ի դեմս քառյակի, և անում է այն, ինչ ցանկանում է. «Այսօր լուսանցք են փորձում մղել բոլոր այն քաղաքական դեմքերին, մտավորականներին, ուժերին, որոնք չեն գտնվում դեռևս իրենց վերահսկողության տակ ու փորձում են հասարակության մեջ ինչ-որ պրոցեսներ տանել, համախամբել այլընտրանքային, երրորդ բևեռի ձևավորման համար»:
Նա նշեց, որ այսօր իշխանությունը ձեռքերը քշտած «իր գրպանային կամ վերահսկող կուսակցությունների միջոցով» անում է ամեն ինչ, որպեսզի ընդդիմադիր դաշտում որևէ պրոցես տեղի չունենա: Իսկ դրանից դուրս գալու ելքը, ըստ Պ. Մակեյանի՝ ժողովրդի համախմբումն է, որի հնարավորությունը մենք ունենք:
Խոսելով ոչ իշխանական քառյակի և հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին՝ Պ.Մակեյանն ասաց. «Ես առիթ ունեցել եմ ասելու, որ քառյակը վերահսկվում է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կողմից, դա գաղտնիք չէ: ԲՀԿ-ն հայտնի է՝ ով է ծնել՝ Ռոբեր Քոչարյանը, ԲՀԿ-ին սպասարկում են մեր նախկին գործընկերներ ՀԱԿԿ-ն, «Ժառանգությունն» արդեն ինձ համար անհասկանալի է, բայց սեպտեմբերի 16-ի կազմակերպած հավաքից երևում է, եր «Ժառանգությունն» էլ է մտած քոչարյանական ստվերի տակ, «Դաշնակցությունն» էլ չես հասկանում՝ իշխանությո՞ւն է, թե՞ ընդդիմություն»:
Պ.Մակեյանը ընդգծեց, որ «գրպանային» կուսակցություն ասելով միայն քառյակին նկատի չուներ. Կան քաղաքական միավորներ, որոնք պարբերաբար իշխող կլանի կողմից ակտիվանում են ընտրությունների ժամանակ: Հիմա, կարծում եմ՝ շատ ավելի իրենց համար վճռական, կարևոր պահ է, քանի որ խնդիր ունեն վերարտադրվելու:
Խոսելով հոկտեմբերի 10-ին կայանալիք եռյակի հանրահավաքի մասին՝ Պ. Մակեյանն ասաց, որ ինքն ունի 3 տարբերակ. «Քառյակը ուղղորդվում է իշխող զույգի կողմից՝ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, և նրանք պրոցեսը տանում են: Ինչո՞ւ հանրահավաքը դրվեց հոկտեմբերի 10-ին, դա պատահական օր չէ, փաստաթուղթ պետք է ստորագրվի Մաքսային միության հետ կապված: Բնականաբար, այստեղ տեսնում եմ արտաքին ազդակներ, այսինքն՝ 5-րդ շարասյան ֆունկցիա է այսօր իրենց վրա վերցրել քառյակը կամ այսօր եռյակը: Եթե նույնիսկ մենք սխալ ենք, և նրանք ազնիվ են իրենց մղումներով, այս իրավիճակից դուրս գալու համար ելքեր են փնտրում, ապա եթե Սերժը դուրս է մղվումը, այս համակարգը չի փոխվում, որովհետև «Հանրապետականի» ցուցակը օլիգարխներ են, ԲՀԿ-ինը՝ էլի նույնը: Հիմա քաշող ուժը ԲՀԿ-ն է քառյակում, և որևէ որակական փոփոխություն չի լինելու: Դրա համար մենք դեմ ենք այդ պրոցեսին: Ես անձամբ չեմ մասնակցելու հարահավաքին»:
168.am-ի հարցին՝ եթե, ինչպես նշում եք՝ այս պրոցեսը ուղղորդված է և արհեստական, ինչո՞վ է պայմանավորված Դաշնակցության դուրս գալն այս գործընթացից, Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Դաշնակցությունը 100-ից ավել տարիքով կույս աղջկա պահվածք է ընդունում, ուրիշ բան չեմ ասում, այսպես ասած՝ փորձում է խաղալ արդեն Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի միջև: Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը միասնական են, նրանք անբաժան չեն, բայց նրանք պայքարում են իրար դեմ ոչ նրա համար, որ համակարգը փոխեն, այլ առաջիկա 2017-18 թվին ո՞վ է լինելու թիվ մեկ, այսպես կոչված՝ պախանը»: