Վարուժան Ոսկանյանն առաջարկել է ստեղծել նոր համահայկական կառույց

Ռումինիայի ֆինանսների հայազգի նախկին նախարար, հայտնի գրող Վարուժան Ոսկանյանը մասնակցել է Հայաստան-Սփյուռք բոլոր հինգ խորհրդաժողովներին, բայց, ինչպես հայտնեց 168.am-ին, խորհրդաժողովներից հետո շփումներից ու ծանոթություններից բացի` գործնական քայլեր չեն լինում:

Նա այս անգամ հանդես է եկել համահայկական նոր կառույց ստեղծելու մասին առաջարկությամբ, ինչը, ըստ նախկին նախարարի, դրական է ընդունվել և շատ հնարավոր է՝ կյանքի կոչվի.

«Մենք շատ ենք խոսում Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության մասին, բայց այսպես կոչված այս եռանկյունին երկու կողմ ունի միան՝ Հայաստանն ու Արցախը, որ իրական են, իսկ մյուս կողմը՝ Սփյուռքը, իրական չէ: Այս անգամ ես առաջարկեցի ստեղծել մի նոր կառույց՝ Սփյուռքի հայ պատգամավորների խորհուրդ, որը հանդես կգա իբրև սփյուռքյան կողմ:

Գրեթե բոլոր երկրների խորհրդարաններում էլ հայազգի պատգամավորներ կան, որոնք, իրենց մասնակցությունը բերելով իմ առաջարկած միությանը՝ կստեղծեն սփյուռքի առաջին իրական, գործող կառույցը, որը ձայն կունենա միջազգային կարևոր կազմակերպություններում: Այս միությունը կարող է թե՛ աշխարհին ներկայանալ՝ ձայնի իրավունքով, թե՛ կարող է իր մասնակցությունն ունենալ Հայաստանի օրենսդրական կյանքին: Հատկապես սփյուռքին վերաբերող հարցերն այստեղ՝ Ազգային ժողովում քննարկվում և օրենքներ են ընդունվում առանց սփյուռքի ներկայության: Իմ առաջարկած կառույցը կարող է այդ քննարկումներին էլ իր մասնակցությունն ունենալ: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ողջունեց իմ առաջարկը, հուսամ այն կյանքի կկոչվի և կներկայացնի ամբողջական սփյուռքը»,- 168.am-ին հայտնեց ռումինահայ գործիչը:

Ռումինահայ պետական-քաղաքական գործիչ, տնտեսագիտության դոկտոր , գրող Վարուժան Ոսկանյանի հետ 168.am-ի հարցազրույցն՝ առաջիկայում:

Տեսանյութեր

Լրահոս