
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը կքննարկի գլոբալ համացանցից Ռուսաստանի անջատման հարցը

Ռուսական «Վեդոմոստի» պարբերականի փոխանցմամբ՝ երկուշաբթի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ նախատեսվում է քննարկել արտակարգ իրավիճակներում համացանցում ռուսական սեգմենտի գործունեության հետ կապված հարցեր:
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ նախատեսվում է համացանցի ռուսական սեգմենտի ամրապնդմանն ուղղված մի քանի որոշումների ընդունում: Մասնավորապես, քննարկվելու է համացանցի կառավարման նոր կարգի ներդրման հարցը, ինչը թույլ կտա գլոբալ ցանցից Ռուսաստանի անջատման հնարավորություն նախատեսել:
Աղբյուրների փոխանցմամբ՝ խոսքը միջազգային ցանցից մշտական անջատման մասին չէ, սակայն ռուսաստանյան օպերատորներն այնպիսի կարգավորումներ պետք է կատարեն, որոնք հնարավորություն կտան արտակարգ իրավիճակների ժամանակ ռուսաստանյան ինտերնետն օպերտիվ կերպով անջատել գլոբալ ցանցից:
Նիստում քննարկվելիք մյուս հարցը վերաբերելու է պետությանը դոմենների ադմինիստրատորի կարգավիճակի տրամադրմանը: Ներկայումս այդ գործառույթն իրականացվում է հասարակական կազմակերպության կողմից: