Բաժիններ՝

«Ամենախելացին» հեռուստանախագիծը եթերում կլինի 2015թ. մարտից. ստորագրվել է համագործակցության հուշագիր. Tert.am

ՀՀ կրթության և գիտության նախարարության, «Արմենիա» հեռուստաընկերության և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջև այսօր ստորագրվեց եռակողմ համագործակցության հուշագիր՝ համաձայն որի երկու կողմերն աջակցելու են «Արմենիա» հեռուստաընկերությանը՝ իրականացնել «Ամենախելացին» ինտելեկտուալ շոուն, հաղորդում է Tert.am-ը:

«Նախագծին մասնակցելու են դպրոցականները, այն նպատակաուղղված է ազգի ամենախելացի դպրոցականներին հայտնաբերելուն: Նախագիծը եթեր կմտնի 2015 թ. մարտի սկզբին. հաղորդավարուհին Նազենի Հովհաննիսյանն է, գլխավոր խմբագիրը՝ Կարեն Քոչարյանը»,- տեղեկացրեց «Արմենիա» ՀԸ գլխավոր տնօրեն Դավիթ Բաբախանյանը:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակից ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր հերթին խոսելով հեռուստանախագծի մասին, ասաց, թե մեկտեղելով մասնավոր և պետական կառույցների միասնական ջանքերը՝ ևս մեկ անգամ կրթության և գիտելիքի արժևորման նախագիծ է մեկնարկում:

«Մեծ հույս ունեմ, որ այս նախագիծն իրականում կվերածվի ինտելեկտուալ շարժման: Մենք կարիք ունենք մեր երեխաներ մոտ արմատավորելու շատ կարևոր մի կարծրատիպ, որպեսզի իրենք հասկանան, որ իրենց ապագան բացառապես իրենց ձեռքերում է, իսկ այս պարագայում՝ բացառապես իրենց գլուխներում: Պետք է այս տարիքից երեխաներին ցույց տալ, որ գիտելիքն է այն ճանապարհը, որ բացելու է ցանկացած դուռ և բերելու է անձնական բարեկեցության, ուժեղ հասարակության, ուժեղ պետության կառուցմանը»,- հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ նշելով, որ այս նախագիծը հնարավորություն է տալիս ժամանակակից մեթոդներով այդ ամենն իրականացնելու:

ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ-ի գլխավոր տնօրեն Արմեն Արզումանյանը շնորհակալություն հայտնեց կրթության և գիտության նախարարությանը և «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագիրն իրականություն դարձնելու համար: «Վստահ եմ՝ հաղորդումը մեծ ազդեցություն կունենա հասարակության և դպրոցականների վրա»,- ասաց Արմեն Արզումանյանը:

Հեռուստանախագծի գլխավոր խմբագիր Կարեն Քոչարյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը ևս մեկ անգամ ապացուցեց, որ ինքը հեռուստատեսություն է բոլորի համար, այդ թվում՝ երեխաների, մասնավորապես՝ դպրոցականների:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս