ԵԽ Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը 10 տարեկան է

Այսօր Երևանի «Մետրոպոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Եվրոպայի Խորհրդի Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցի 2014-2015 ուսումնական տարվա բացման հանդիսավոր արարողությունը: Այս տարի ՔԴԵԴ-ն ընդունել է իր հոբելյանական՝ 10-րդ դասարանը: ԵԽ հովանու ներքո դպրոցը բացվել է 2005 թ. և արդեն ունի մոտ 270 շրջանավարտ: Քաղաքական դասընթացների 21 դպրոցներից Երևանի դպրոցն առաջինն է, որ ստեղծվել է ԵԽ Վարշավյան գագաթաժողովից հետո:

ՔԴԵԴ-ի հիմնադիր տնօրեն Արմեն Զաքարյանը հայտարարեց, որ իրենց նպատակն է աջակցել իրավական պետության կառուցմանը, քաղաքացիական հասարակության կայացմանն ու քաղաքացի-իշխանության կապի ստեղծմանը: Նա կարևորեց քաղաքացու ձևավորումը մեր երկրի զարգացման հարցում: Ըստ Ա.Զաքարյանի՝ դասընթացների ժամանակ կենտրոնանալու են իրավունքի, նաև ազգային ինքնաճանաչման վրա:

«Ինքնաճանաչումը հնարավորություն կտա ճանաչել աշխարհը, գտնել, թե Հայաստան պետության հաակնությունն ինչպիսին կարող է լինել»,- ասաց ՔԴԵԴ-ի տնօրենը:

ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին ողջունեց արարողության մասնակիցներին և նշեց, որ նրանք մի մեծ ընտանիքի՝ ՔԴԵԴ-ի մասն են: Նրա խոսքով՝ ՔԴԵԴ-ի նպատակը երկրում ժողովրդավարական կարգերի հաստատմանը ծառայելն է:

Պ.Սվիտալսկին հայտնեց, որ ԵԽ-ն շարունակում է քաղաքական դասընթացների դպրոցներ բացել և անցած տարի Չեխիայում, Սլովակիայում, Հունգարիայում, Մարոկոյում բացված դպրոցներին այս տարի միացել են Թուրքիայի ու Հունաստանի դպրոցները: Պ.Սվիտալսկին ՔԴԵԴ-ի կայացման գործում հատուկ ընդգծեց Արմեն Զաքարյանի դերը և ԵԽ գլխավոր քարտուղարի անունից երախտագիտություն հայտնեց նրան. «Արմեն Զաքարյանը ՀՀ-ի ոչ պաշտոնական դեսպանն է Եվրոպայի խորհրդում, ով ջանասիրաբար աշխատում է Հայաստանի համար»:

QDED

«Մենք մեր ավանդը պետք է ներդնենք Հայաստանի էլիտայի ձևավորման գործում»,- ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը, ով Քաղաքական դասընթացների մոսկովյան դպրոցի առաջին շրջանավարտներից է և իր ներդրումն է ունեցել երևանյան դպրոցի կայացման գործում:

Նա գոհունակությամբ նշեց, որ ՔԴԵԴ-ի շրջանավարտների մեջ կան ԱԺ պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, մարզպետներ. «Այսինքն, միայն շրջանավարտների առաջընթացից դատելով կարող ենք ասել, որ դպրոցը կայացած է»:

Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը, ով ՔԴԵԴ-ի շրջանավարտներից է, դպրոցի գոյությունը կարևորեց աշխարհայացքի ձևավորման առումով. «Ես այն շրջանավարտներցի եմ, որ չեմ ուզում ավարտել դպրոցը»:

Այսօր ՔԴԵԴ-ում դասախոսություններով ահնդես եկաբն ԵԽ Քաղաքական պլանավորման տնօրեն Պյոտր Սվիտալսկին, ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստեր Միխելսոնը, ՀՀ առաջին վարչապետ, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:

Տեսանյութեր

Լրահոս