Արամ Մանուկյան. Հենց աթոռից ընկնեն, իրենց արյունը կկանգնի, հոսք չի լինի
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը դեռ չգիտի՝ գնում ենք Մաքսային միությո՞ւն, թե՞ ոչ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Հայաստանի ԵՏՄ-ին միանալու մասին՝ նա ասաց, որ այդ անորոշությունը, խարխափելը շատ ցավալի է. «Եվրոպան մերժեց, Ռուսաստանը լսում է Ղազախստանին, կամ Բելառուսին: Այսպիսի աննորմալ վիճակ երբևէ չի եղել անգամ Սովետական միության ժամանակ, երբ Հայաստանը չի կարող ինքը որոշել՝ ինչ է անում»:
Ա. Մանուկյանը նկատեց՝ որ Հայաստանի կոմունիստ ղեկավարները Սովետական միության ժամանակ շատ խելոք մեթոդներ էին իրառում. «Դեմիրճյանը կամ մնացածները գնում էին Ռուսաստան՝ հարցեր էին լուծում: Սովետական միության մեջ Հայաստանը լավագույն ապրող հանրապետություններից էր՝ մթերքով, կահույքով, կրթությունով, մշակույթով, ամեն ինչով: Սովետական Հայաստանի ժամանակ Հայաստան միայն Հայաստանի բնակչության մուտք է եղել: Հիմա եկանք, հասանք այն բանին, որ այս մարդկանց արյունատար անոթները, այս մարդկանց աթոռի ոտքերով է գնում: Հենց աթոռից ընկնեն, իրենց արյունը կկանգնի, հոսք չի լինի: Սրանց երազը փողն է, Աստվածը՝ հարստությունը: Այդ դեպքում երկիրը ոչնչանում է, ու արտաքին քաղաքականության մասին խոսել այօսր ամոթ է:
Ա. Մանուկյանը վստահեցրեց, որ Նազարբաևն այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ավելի շատ ազդեցություն ունի, քան Սերժ Սարգսյանը. «Էլ չեմ ասում Պուտինի մասին»: