Սերժ Սարգսյանը մասնակցել է Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին (լուսանկարներ)
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին, որի նպատակն է քննարկել եկեղեցական և ազգային կյանքին վերաբերող օրախնդիր հարցերն ու հստակեցնել առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ քայլերը և նախաձեռնությունները:
Տերունական աղոթքից և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Վեհափառ Հայրապետին՝ ժողովին մասնակցելու հրավերի համար և Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովին մաղթել արդյունավետ աշխատանք: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հավաքված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների ներկայացուցիչներին, Հայրապետական պատվիրակությունների և թեմերի պատգամավորներին և հյուրերին ուղղված խոսքում Նախագահը, օգտվելով պատեհ առիթից, ևս մեկ անգամ իր և Հայաստանի բոլոր պետական կառույցների անունից պատրաստակամություն է հայտնել հաստատակամորեն կանգնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բոլոր հայրենանվեր գործերի կողքին:
Սերժ Սարգսյանը ժողովականներին ներկայացրել է երեկ ավարտված Սուրբ Աթոռ իր պաշտոնական երկօրյա այցի արդյունքներն ու տպավորությունները և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող, հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերել են ամենատարբեր թեմաների՝ եկեղեցի-պետություն համագործակցության առավել ամրապնդման հնարավորություններին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին, պետության հետ համագործակցությամբ եկեղեցու ջանքերին, Սիրիայից հայրենիք տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը, Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրներին ու դրանց լուծման ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատաքններին, ԼՂ հիմնախնդրի լուծման ուղղությամբ խաղաղ բանակցային գործընթացի վերջին զարգացումներին ու հեռանկարին:
ՀՀ Նախագահի աշխատակազմ