Մանվել Գրիգորյան. Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը
ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի ուղերձն Անկախության օրվա կապակցությամբ
Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Երկրապահ Կամավորականների միության, Հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների և իմ անունից շնորհավորում եմ Ձեզ` Անկախության հռչակման 23-րդ տարեդարձի` սեպտեմբերի 21-ի տոնի առթիվ:
Անկախության մեր անցած ճանապարհին, մենք միասնաբար հաղթահարեցինք լուրջ դժվարություններ, պաշտպանեցինք պետական սահմանները, Արցախի ինքնուրույնությունը, ստեղծեցինք հզոր բանակ և շարունակում ենք կայացնել ու հզորացնել մեր պետականությունը: Սա մեր ժողովրդի դարավոր երազանքն է, որին տեր ենք մեր բոլոր սերունդներով և արժանապատվությամբ, որովհետև, ինչպես Սպարապետ Վազգեն Սարգսյանն էր ասում. «Անկախությունը մեզ համար բացարձակ արժեք է»:
Մեր ժողովուրդը դժվարությունների, մաքառումների և հերոս տղաների արյան գնով աշխարհին ապացուցեց, որ կարող է ապրել ազատ ու անկախ, կարող է իր որդիների կյանքի գնով պաշտպանել անկախ ապրելու իր սրբազան իրավունքը, կարող է ապահովել Արցախի այլևս անբեկանելի անկախությունը:
Ազատության ու անկախության հաղթանակի դրոշը պարզած հայ ժողովուրդը մշտապես հավատով ու հույսով լցված պիտի նայի ապագային և միակամ ու միասնական շարժվի դեպի համահայկական նպատակների իրականացում, իր արժանվույն տեղը զբաղեցնելով համայն մարդկության շարքերում:
Անկախության օրը մեր ժողովրդի տոնացույցի ամենագլխավոր տոնն է, մեր նորանկախ պետության ու ժողովրդի երանելի ճանապարհը, որի խաղաղ ընթացքի ապահովման համար թափված արյան արժեքի գիտակցումով եռասերունդ երկրապահները, հանրապետության բոլոր Երկրապահ կամավորականները միշտ պատրաստ են ու զգոն:
Միասնականության ամուր հավատով, ու հանուն մեր սուրբ նահատակների հիշատակի մենք պարտավոր ենք հաղթահարել նաև մեզ սպասող բոլոր մարտահրավերները և առաջ ընթանալ` ապագան վստահելով նոր սերնդին:
Քսաներեքամյա մեր անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա հոգատարության կարիքն ունի:
Տեր կանգնենք մեր անկախությանը, միասնաբար, ազգովի, ողջ ներուժով պահպանենք ձեռքբերածը, հզորացնենք մեր երկիրը և վստահաբար փոխանցենք նոր սերնդին: Մեր համար կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ նաև ձեռք բերածը պահպանելն ու նոր սերնդին փոխանցելն է:
Երկրապահի և պետական կառույցների համագործակցությունը, որն հաստատում է փոխըմբռնման հուշագրերով ուղված է այս վեհ առաքելությանը:
Մեր հզորությունը մեր միասնության մեջ է:
Անկախության տոնի առթիվ կրկին շնորհավորում եմ բոլորիս, զոհված ազատամարտիկների հարազատներին, հայրենիքի պաշտպանության համար հերոս զավակներ ծնող մեր հերոս մայրերին, եռասերունդ երկրապահին, միշտ մարտունակ արցախահայությանը, երկրի սահմաններում կանգնած հայ զինվորին, աշխարհասփյուռ հայ ժողովրդին և ցանկանում խաղաղություն ու անսպառ հավատ` հարազատ պետության ու ապագայի հանդեպ:
ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ, ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ
ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ Մ.Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ