Բաժիններ՝

Խոչընդոտվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի աշխատանքը. azatutyun.am

Այսօր Հայաստան-Սփյուռք համաժողովի ընթացքում, դահլիճին կից ճեմասրահում տհաճ միջադեպ է արձանագրվել: Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի նախագահ Արտյուշա Կարապետյանը խլել է լրագրողի ձայնագրիչը, այնուհետև իրեն ուղեկցողներին հրահանգել՝ ջնջել լրագրողի հեռախոսում եղած տեսանկարահանած կադրերը:

Արտյուշա Կարապետյանին հունից հանել է «Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի դիտարկումը, թե Ղազախստանի հայկական համայնքի ներկայացուցիչները դժգոհում են Կարապետյանի ծավալած գործունեությունից: Սա լսելուն պես Կարապետյանը կոպտորեն խլել է Թագուհի Հովհաննիսյանի ձայնագրիչը, իսկ երբ լրագրողը, այնուամենայնիվ, փորձել է ստանալ իր հարցի պատասխանը, Կարապետյանը հրահանգել է «կորցնել» լրագրողին:
«Մոտեցա ասում եմ՝ ի՞նչն է խնդիրը, ինչո՞ւ չեք ուզում մեկնաբանել, ձայնագրիչս վերցրեց և նետեց սեղանին։ Ձայնագրիչս փշուր-փշուր եղավ, հետո ինքը դուրս եկավ, իրա հետևից՝ ևս երեք բավականին թափով տղամարդ, ասում եմ՝ ինչո՞ւ եք խոչընդոտում իմ աշխատանքը, և նկարում եմ հեռախոսով։ Թեքվեց, իր հետևից եկող տղամարդկանց ասեց՝ «սրան էստեղից տարեք» ու ինքն արագ-արագ գնաց։ Տղամարդկանցից մեկը հեռախոսը ձեռքիցս խլեց, ուզում էր նետել ջուրը, բայց չարեց, հեռախոսիս միջից ջնջեցին ձայնագրությունը, հետո վերադարձրեց»,-«Ազատության» հետ զրույցում պատմեց լրագրողը։

Համաժողովի սրահ վերադառնալուն պես լրագրողը պարզել է, որ ջարդ ու փշուր եղած իր ձայնագրիչից նույնպես ջնջվել է ձայնագրված նյութը: Երբ քիչ ավելի ուշ «Հայկական ժամանակ» օրաթերթի թողարկման պատասխանատու Հայկ Գևորգյանը փորձել է պարզել միջադեպի դրդապատճառը, համաժողովի մասնակիցներից արտգործնախարարության ԱՊՀ վարչության պետ Արմեն Ղևոնդյանը կասկածի տակ է դրել ձայնագրությունը ջնջելու փաստը, իսկ Գևորգյանին հորդորել է կոռեկտ լինել։

«Չգիտեմ՝ եղել է ձայնագրություն, չի եղել, ջնջվել է, չի ջնջվել»,- ասաց Արմեն Ղևոնդյանը։

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս