
Հանդիպում Բասկերի ազգայնական կուսակցության կենտրոնակայանում

Սեպտեմբերի 15-ին Բասկերի Երկրի Բիլբաո քաղաքում` կառավարող Բասկերի ազգայնական կուսակցության (ԲԱԿ) կենտրոնակայանում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Իսպանիայի խորհրդարանի անդամ, խորհրդարանում ԲԱԿ խմբակցության ղեկավար Այտոր Էստեբան Բրավոյի, կուսակցության արտաքին հարաբերությունների հարցերով պատասխանատու Ինյակի Գոյկոեչետա Գոնսալեսի հետ։
Կողմերն անդրադարձել են նախօրեին Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունված բանաձևին` ի սատարումն Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի, և ընդգծել, որ այն կարևոր հիմք կհանդիսանա երկկողմ հարաբերությունների ընդլայնման համար։
ԼՂՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Բասկերի Երկրի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջև հարաբերությունների ընդլայմանը վերաբերող մի շարք գործնական հարցեր։ Երկուստեք ընդգծվել է նաև կուսակցությունների մակարդակով երկկողմ շփումների հաստատման կարևորությունը։