«ԼՂ-ի դե ֆակտո իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի». Ուորլիքի բացառիկ հարցազրույցը` «Երկիր Մեդիա»-ին

Երեւանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ առանց իր ռուսաստանցի եւ ֆրանսիացի գործընկերների ընկերակցության եւ Ադրբեջան այցելելու մտադրությամբ: Երկու երկրներում օրակարգը նույնն է՝ հիմնախնդրի շուրջ քննարկումներ նախագահների եւ արտգործնախարարների հետ: Ուորլիքի տարածաշրջանային այցի առաջին իսկ օրը հստակեցվեց, որ առաջիկայում խնդրի վերաբերյալ քննարկումներ դեռ կլինեն: Երկու շաբաթից միջնորդը Նյու Յորքում կհանդիպի Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հետ, իսկ հոկտեմբերին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Իհլամ Ալիեւը կբանակցեն Փարիզում: Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն՝ երեքշաբթի Էդվարդ Նալբանդյանը եւ Ջեյմս Ուորլիքը կարեւորել են այդ հանդիպումը, որը նախաձեռնել է Ֆրանսիայի նախագահը: Արտգործնախարար Նալբանդյանի հետ զրույցից հետո համանախագահը Ղարաբաղի խնդրի շուրջ իր տեսակետներն է հայտնել «Երկիրն այսօրին» տված բացառիկ հարցազրույցում:

«Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների ձայնը պետք է լսելի լինի: Այդ պատճառով էլ համանախագահները պարբերաբար մեկնում են այնտեղ եւ հանդիպում դե ֆակտո իշխանությունների հետ: Մենք կշանունակենք դա: Ներկայումս ցանկանում ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները համաձայնության գան, եւ հասկանան, թե ինչպես առաջ շարժվել»,- ասել է Ուորլիքը: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղ Հանրապետության համար ընդունելի չէ տարածքային ամբողջականությանն, Ադրբեջանի համար՝ ինքնորոշման իրավունքի սկզբունքը: Այս սկզբունքների ընտրովի կիրառումը տարբեր համատեքստերում Բաքվի եւ Հայաստանի միջեւ անհամաձայնության պատճառ է դառնում: Վերջին փաստաթուղթը, որտեղ քիչ, թե շատ խոսվում է Ղարաբաղի խնդրի մասին, ՆԱՏՕ-ի ուելսյան գագաթնաժողովի ընդունած հռչակագիրն է:

«Իհարկե, ՆԱՏՕ-ն անտարբեր չէ ձգձգվող հակամարտությունների հանդեպ: Բայց Ղարաբաղի հակամարտության մեջ դաշինքը միջնորդի դեր չունի: Խնդրի կարգավորման համար ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համանախագահներն են միջնորդ ընտրվել, եւ դա ուժի մեջ է: Ընդունված հռչակագրում նշված է, որ կարգավորման հիմքում ՄԱԿ-ի խարտիան է եւ Հելսինկի եզրափակիչ ակտը: Իսկ վերջինը նշանակում է՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք եւ ուժի չկիրառում»,- նշել է համանախագահը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս