Արամ Սարգսյան. «Հույս ունենալ, որ էլի քեռիները կգան՝ կօգնեն, անմտություն է»

«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ներքին խնդիրն է, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, արդեն միտում կա, որ ֆինանսական հոսքերը պակասում են: ՀՀ կառավարությունը վաղուց պետք է մտածեր այն ռազմավարական ծրագրի մասին, որը թույլ կտար ինքնուրույն լուծելու իր խնդիրները»,- այս կարծիքին է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ իրենք պաշտոնապես դիմելու են ՀՀ կառավարությանը, որպեսզի կառավարությունը հաշվետվությամբ հանդես գա հասարակաության առջև, թե ի՞նչ են արել 4.5 միլիարդ դրամի պարտքը, ի՞նչ եղանակով են դրանք օգտագործվել և ի՞նչ արդյունք են տվել. «Այսպիսի պայմաններում հույս ունենալ, որ էլի քեռիները կգան՝ կօգնեն, անմտություն է: Կարծում եմ՝ վաղուց ի վեր անհրաժեշտ էր, որպեսզի Հայաստանի կառավարությունն ասեր՝ ինչի համար է վարկ վերցնում, ինչպես է տնտեսությունը դրա հաշվին զարգացնելու և այլն: Մենք ունենք հստակ տվյալներ, որ որևէ մի դոլար իրական տնտեսության զարգացման մեջ չի դրվել»:

Ա. Սարգսյանը նկատեց, որ Հ. Աբրահամյանն ասում է՝ ինքը պայքարելու է ստվերի դեմ. «Շատ լավ ցանկություն է, և ես ուզում եմ հավատալ, որ ինքը անկեղծ ուզում է դրա դեմ պայքարել, բայց այս պայմաններում, որը ես անվանել եմ «ախպերություն», հնարավոր չէ ստվերի դեմ իրական պայքար մղել, որովհետև ստվերը վերջիվերջո միայն նա չէ, որ չի հարկավորում այդ արտադրանքի մի մասը, կա ավելի մեծ ծավալ, որը արտահանվում է երկրից, և այնտեղ ստացվում է մեծ շահույթ: Այդ շահույթը Հայաստան չի վերադառնում և այդ շահույթը ձևափոխվում է մի այլ կապիտալի: Այսինքն՝ այն շահույթը, ոը ինքը ստացել է տասնապատիկ, հիսունապատիկ ավել, որը պետք է գա և այստեղ հարկվի, այդպիսի բան չի լինում: Այսինքն՝ մենք կորցնում ենք ահռելի քանակությամբ գումարներ»:

Ա. Սարգսյաին կարծիքով՝ այս առումով շատ է վատանում նաև մեր վիճակը՝ Մաքսային Միություն և Եվրասիական միության լիիրավ անդամ դառնալու ուղղությամբ. «Որովետև այսօրվա խորհրդարանը պարտադրված է լինելու վերափոխել մեր օրենսդրական դաշտը, որովհետև այնտեղ արդեն ձևավորված է նոր օրենսդրություն, և այս պարագայում մենք պետք է պատասխան տանք, թե ինչո՞ւ, օրինակ, մեր արտահանվող ապրանքները, հատկապես հումքային ապրանքները, մեր կողմից հարկ վերցվում է նվազագույն տոկոսով: Ժամանակին այդ ընկերները, որոնք ձեռք էին բերել հանքեր և այլն, հասան նրան, որ արտահանման տուրքերի չափը շատ նվազեց, անգամ կարող է լինել 0.4 %»:

Ըստ Ա.Սարգսյանի՝ մենք ներսում ոչինչ չենք անում, որ կարողանանք, մեր ռեսուրսները ճիշտ օգտագործենք և ունենանք զարգացման ռազմավարական ծրագիր. «Առ այսօր հանրապետութունն այդպիսի ծրագիր չունի, և դրա համար էլ մենք ամեն անգամ կանգնում ենք մի այսպիսի իրավիճակի առջև: Եվ ասել, որ կլինենք ԵՏՄ-ի անդամ, և մեր խնդիրները կլուծվեն, դրանք անմիտ հայտարարություններ են, որոնք ժողովրդին էլ են մոլորեցնում»:

Անդրադառնալով սահմանադրական բարեփոխումներին, Ա. Սարգսյանն ասաց, թե չի կարծում, որ Սահմանադրությունը որևէ կերպ սահմանափակում է ճիշտ գործել և ճիշտ օրենքներ ձևավորել. «Ուղղակի պետք է այդ Սահմանադրությունը ճիշտ օգտագործել: Սահմանադրությունն այսօր խանգարո՞ւմ է հարկել այն ապրանքները, որոնք արտադրվում են Հայաստանում, կամ արտահանվող ապրանքների մաքսատուրքերը ճիշտ ձևակերպել: Սահմանադրության մեջ որտե՞ղ է գրված, որ դա չի կարելի անել: Սրանք անմիտ խոսակցություններ են»,-նշեց նա:

 

 

Տեսանյութեր

Լրահոս