Իշխանությունը պատրաստ է մանր զիջումներ առաջարկել ընդդիմությանը

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը այսօր հրապարակեց այն երեք նախապայմանները, որոնց կատարման դեպքում «Ժառանգությունը» կարող է մասնակցել սահմանադրական բարեփոխումների գործընթացին: Դրանցից մեկը «Ժառանգության» կողմից առաջիկայում ԱԺ ներկայացվելիք «Ընդդիմության մասին» օրենքի ընդունումն է: Այս օրենքով նախատեսվելու է ընդդիմությանը տալ վերահսկողական ֆունկցիաներ:

Իշխանությունը թերևս պատրաստ է կատարել այս նախապայմանը:

Սահմանադրական բարեփոխումների նախագահական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը քննարկման ժամանակ հայտարարեց, որ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի կողմից քննարկվում է նախագծում սահմանել դրույթներ, որոնցով մի շարք պաշտոնյաների ընտրության համար կպահանջվի որակյալ քվորումի առկայություն: Մասնավորապես՝ նախատեսվում է, որ Վերահսկիչ պալատի նախագահը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը կընտրվեն ոչ թե ձայների պարզ մեծամասնությամբ, այլ 3/5ով:

Նման նորամուծության նպատակն այն է, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի մեծ ազդեցություն կունենա այս պաշտոնյաների ընտրության հարցում:

Օրինակ, եթե Վերահսկիչ պալատի նախագահն այսօր ընտրվեր պատգամավորների ձայների 3/5-րդով, ապա խորհրդարանական մեծամասնությունը ստիպված կլիներ որոշակի փոխզիջման գնալ ոչ իշխանական ուժերի հետ: Հնարավոր է, որ համաձայնության արդյունքում ՎՊ փոխնախագահը կամ աշխատակազմի որոշ մասը լինեին ընդդիմության ներկայացուցիչներ: Նույնը վերաբերում է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի պաշտոնին:

Բացի այդ, նախատեսվում է նոր Սահմանադրության մեջ ներառել հոդված, որը խորհրդարանական ընդդիմությանը հնարավորություն կտա պատգամավորների ընդհանուր թվի 25 տոկոսով ստեղծել խորհրդարանական հանձնաժողովներ, և այդ հանձնաժողովները կնախագահեն ընդդիմության ներկայացուցիչները:

Օրինակ, գործող ընթացակարգերով խորհրդարանական ընդդիմությունը տևական ժամանակ չկարողացավ ստեղծել Մարտի 1-ի իրադարձությունները հետաքննող հանձնաժողով, իսկ եթե այս փոփոխությունն ամրագրվի նոր Սահմանադրության մեջ, ապա խորհրդարանական ոչ իշխանական ուժերի համար նման հանձնաժողովի ստեղծումը որևէ դժվարություն չի ներկայացնի:

Առաջարկ է եղել, որ նախագահի ընտրությունը ևս կատարվի որակյալ քվորումով` պատգամավորների ընդհանուր թվի 3/5-ով, սակայն այս դեպքում մտավախություն կա, որ խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը չեն կարողանա համաձայնության գալ, և այդ դեպքում կարող է առաջանալ սահմանադրական ճգնաժամ:

Առաջարկվող տարբերակներից մեկով նախագահը կարող է ընտրվել ԱԺ պատգամավորների և Հայաստանի համայնքապետերի ընդհանուր ժողովի կողմից:

Նկատի ունենալով, որ համայնքապետերի ճնշող մեծամասնությունը ՀՀԿ-ականներ են, ապա կարելի է ասել, որ այս դեպքում ևս նախագահը կլինի ՀՀԿ-ի թեկնածուն:

Բայց ամենավիճելի հարցը շարունակում է մնալ ընտրական համակարգի հարցը:

ՀՀԿ-ական մեծամասնության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ մեծամասնական ընտրակարգից հրաժարվելը կարող է կործանարար լինել ՀՀԿ-ի համար, և ոչ մի պարագայում չի կարելի անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի:

ՀՅԴ-ն, որ այս պահին միակ խորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունն է, որ համաձայն է սահմանադրական բարեփոխումների գաղափարին, պահանջում է, որ սահմանադրորեն ամրագրվի 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու նորմը: Դաշնակցականները սպառնում են, որ մեծամասնական ընտրակարգի պահպանման դեպքում իրենք ևս կմիանան սահմանադրական բարեփոխումների հակառակորդների ճամբարին:

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի որոշ անդամներ համոզված են, որ եթե բարեփոխումների դեմ պայքարողների ճնշումը մեծանա, ապա իշխանությունը կարող է ընդհանրապես հրաժարվել սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարից: Քանի որ, եթե նոր Սահմանադրության մեջ պետք է մտցվեն նորմեր, որոնք հարուցում են ՀՀԿ-ական մեծամասնության ներկայացուցիչների դժգոհությունը և կասկածի տակ են դնելու այդ մեծամասնության վերարտադրությունը, ապա ավելի արդյունավետ կլինի հրաժարվել նման փոփոխությունների իրականացումից:

Ի վերջո, իշխանությունն իր արդարացումն ունի. իրենք ամեն ինչ արեցին հանուն սահմանադրական բարեփոխումների, սակայն ընդդիմության և այլընտրանքի կատաղի դիմադրությունը թույլ չտվեցին իրագործել իշխանության բարի ցանկությունները:

Այնպես որ, որքան շատ լինեն նման հրապարակային քննարկումները, որտեղ ի ցույց կդրվի իշխանության սահմանադրական բարեփոխումների իրականացման ցանկությունը՝ մի կողմից, և ընդդիմության՝ այդ բարեփոխումներին դեմ լինելու վճռականությունը, այնքան ավելի լավ իշխանության համար:

 

Տեսանյութեր

Լրահոս