
Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Լեհաստանի փոխարտգործնախարարին

Սեպտեմբերի 16–ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Լեհաստանի փոխարտգործնախարար Թոմաշ Օրլովսկուն, ով Երևան է ժամանել` արտգործնախարարությունների միջև խորհրդակցություններ անցկացնելու նպատակով։
Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-լեհական հարաբերությունները և նշեց, որ այս համատեքստում կարևոր էին 2011թ. Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու պաշտոնական այցը Հայաստան և 2013թ. Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Լեհաստան, որոնք նոր խթան հանդիսացան երկկողմ հարաբերությունների զարգացման և ընդլայնման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` փոխնախարար Օրլովսկին նշեց, որ նոր պաշտոնում նշանակվելուց հետո սա իր առաջին արտերկրյա այցելությունն է, ընդգծեց, որ Լեհաստանը Հայաստանին դիտարկում է որպես կարևոր գործընկեր և ցանկանում է առավել խորացնել և ամրապնդել բազմաբովանդակ համագործակցությունը։
Զրույցի ընթացքում կարևորվեց իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցության սերտացումը, առևտրատնտեսական կապերի խորացումը, կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցության խորացումը:
Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին Հայաստան – Եվրոպական միություն հարաբերությունների, «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում իրականացվող համագործակցության վերաբերյալ:
Հյուրի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող ջանքերը:
Հանդիպմանն անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների:
ՀՀ Արտաքին գործերի նախարարություն