Զբաղվածության խթանմանն ուղղված ծրագրեր՝ սահմանամերձ համայնքներում
ՀՀ նախագահի կողմից որպես գործընկեր կազմակերպություն ընտրված Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում ընդգրկված են գյուղական համայնքների զարգացմանն ուղղված մի շարք անվանակարգեր։ Հասարակական կազմակերպությունները ծրագրեր են իրականացնում գյուղական համայնքների բնակչության զբաղվածության խթանման, սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծման ուղղությամբ։
Իրականացվող ծրագրերը տալիս են իրենց արդյունքները։ Մասնավորապես, «Վայոց ձորի մարզային երիտասարդական կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհի շրջանակներում այս ամռանը Ռինդ, Չիվա և Ելփին սահմանամերձ գյուղերում անցկացրել է վարսահարդարման և դիզայներական դասընթացներ։ Մարզի սոցիալական ծառայության հետ համագործակցության արդյունքում դասընթացին ներգարվելու համար ընտրվել են համայնքների սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները։
Ինչպես տեղեկացնում է ծրագրի համակարգող Սյուզան Մարգարյանը, դասընթացների ավարտից անմիջապես հետո ծրագրի չորս մասնակիցներ վարսահարդարի աշխատանք են գտել տարբեր համայնքներում։
Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն, սեպտեմբերի 1-ին 21 անվանակարգում հայտարարել է հերթական դրամաշնորհային մրցույթը ՀԿ-ների համար։ Անվանակարգերը բազմաոլորտ են՝ ծխելու դեմ պայքար, բնապահպանություն, վերարտադրողական առողջություն, գյուղական համայնքների խնդիրներ, մերօրյա հերոսների փառաբանում, Ցեղասպանության հարյուրերորդ տարելից:
Դրամաշնորհային մրցույթները մեկ տարի է, ինչ իրականացնում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպություն: Այս ընթացքում մրցույթին մասնակցելու համար Հայաստանի երիտասարդական հիմնադրամին ներկայացվել է ՀԿ-ների մոտ 150 հայտ: Մոտ 70 ՀԿ արժանացել է դրամաշնորհների:
Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 1-ին հայտարարված դրամաշնորհային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն