«Խրամատի» մասին. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա իր խմբագրականում գրել է.
«Նախագահ Սարգսյանը իր կուսակիցներին հորդորել է «չլքել խրամատը», այսինքն՝ չբացակայել խորհրդարանի լիագումար նիստերից: Որքան հասկանում եմ, դա ասված էր կեսկատակ, բայց ինքնին հորդորը տեղին էր, որովհետեւ կան ՀՀԿ բազմաթիվ պատգամավորներ, որոնք օրենսդրությունից ոչինչ չեն հասկանում, խորհրդարանի դահլիճում նստելն իրենց համար տանջալից է, ձանձրալի ու անհրաժեշտ է միայն կոճակ սեղմելու համար, բացի այդ՝ նրանց գլխավոր մտահոգությունը սեփական բիզնեսներն են: Հանուն արդարության ասենք, որ նման պատգամավորներ կան նաեւ ԲՀԿ-ում: «Խրամատ» բառը ընդդիմադիրներին դուր չեկավ: «Տեսեք,- ասացին նրանք,- թե ինչպես է իշխանությունը պատկերացնում քաղաքական պայքարը»: Բայց թույլ տվեք հարցնել՝ իսկ ընդդիմությունն ա՞յլ կերպ է պատկերացնում: Արդյո՞ք 20 տարուց ավելի ընդդիմությունը փաստացի չի ասում՝ «սրանք գող, ավազակ, թալանչի են եւ նրանց պետք է ոչնչացնել», իսկ իշխանությունը չի ասում՝ «սրանք ուզում են երկիրը քանդել, եւ նրանց պետք է մեկուսացնել»: Այնպես որ՝ կողմերը, կարելի է ասել, «խորը խրամատներում» են: Մեծ մասամբ «խրամատներում» են նաեւ լրատվամիջոցները, ինչը համապատասխանում է քաղաքական ուժերի «խրամատավորմանը»: Հնարավոր համարո՞ւմ եք, որ, ենթադրենք, որեւէ ընդդիմադիր կայք նկատի եւ չեզոք ձեւով արձանագրի հայաստանյան կյանքում որեւէ դրական երեւույթ…»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում: