Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել «Ժայռ» երիտասարդական կազմակերպության նախաձեռնած՝ Միասնության օրվան նվիրված միջոցառմանը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ներկա է գտնվել «Ժայռ» համահայկական երիտասարդական կազմակերպության նախաձեռնությամբ ամեն տարվա սեպտեմբեր ամսին Սևանի «Ժայռ» հանգստյան գոտում կազմակերպվող Միասնության օրվան նվիրված հանդիսավոր միջոցառմանը, տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Արդեն երկրորդ տարին է Միասնության տոնի շրջանակներում կազմակերպվում է «Ժայռ» համահայկական մրցույթ-փառատոնը, որին մասնակցում են ինչպես Հայաստանից և Արցախիվ, այնպես էլ սփյուռքից։
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և շնորհավորել Միասնության տոնի կապակցությամբ: Նախարարը նշել է, որ հայկական օրացույցն ունի երկու յուրահատուկ ամիս` մայիսը, որպես հաղթանակների ամիս, և սեպտեմբերը, որպես Հայաստանի ու Արցախի անկախության ամիս: Եվ այդ հաղթանակներն ու անկախությունները հնարավոր չէին լինի, եթե չլիներ մեր ազգային միասնությունն ու համերաշխությունը:
«Ժայռ» հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսան Մինասյանի խոսքով` միջոցառման նպատակն է պայքարել երիտասարդության շրջանում հասարակական խնդիրների հանդեպ անտարբերության դեմ, երիտասարդների մեջ սերմանել հայրենատիրության գաղափարը, նպաստել երիտասարդների` հասարակական գործընթացներում ներգրավվածության մակարդակի բարձրացմանը:
«Ոչ պատերազմին» կարգախոսի ներքո անցկացվող Միասնության օրվա շրջանակում տեղի է ունեցել տոնական համերգ` «Փարոս» կամերային երգչախմբի և «Համայնքի զարկերակ» պարային համույթի մասնակցությամբ: Ներկաներին ողջունել է նաև Կիլիկիա նավի անձնակազմը: Միջոցառման ավարտին մրցույթ-փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացան շնորհակալագրերի, իսկ հաղթողները` պատվոգրերի և մրցանակների: