Չի բացառվում, որ լինի հանրահավաքների շարք. Լյուդմիլա Սարգսյանը` քառյակի թեժ աշնան մասին. Tert.am
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը Tert.am-ի հետ զրույցում ասել է, թե աշնանը խոստացված թեժությունը պայմանավորված կլինի ժողովրդի արձագանքից և նրա ցանկություններից։ ՀԱԿ պատգամավորի խոսքով՝ չի բացառվում, որ դա կլինի հանրահավաքների շարք։ Իսկ հարցին, թե ինչու ամբողջական իշխանափոխության հարցում քառյակը չեկավ ընդհանուր հայտարարի, Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց, թե միգուցե այս հարցում դեռ ընդհանուր հայտարարի չեն եկել, բայց «հանրահավաքի մարդաշատությունը, խնդիրների բազմազանությունը մեզ բոլորիս բերելու է այդ հանգրվանին»։
-Տիկին Սարգսյան, կարծում եք, որ բավարա՞ր է միայն քաղաքական ուժերի խոստումները՝ աշունը թեժացնելու մասին, որքանով է ժողովուրդը պատրաստ դրան։
– Մենք այլընտրանք չունենք թեժ աշնանը, և կարծում եմ ժողովուրդն ամեն օր է պատրաստ և սպասում է այդ թեժ աշնանը, որը միայն մենք չենք կարող, բնականաբար, կազմակերպել և ժողովուրդն էլ պետք է դրան պատրաստ լինի։ Ես կարծում եմ, որ այդ նախապատրաստական հոգեբանական աշխատանքը իրենք էլ իրենց մեջ տանում են, որովհետև այդ թեմանների մեջ են, իսկ մենք՝ որպես քաղաքական ուժեր, համագործակցող քառյակ, միանշանակ հանրահավաք ենք կազմակերպելու և միանշանակ բոլոր խնդիրները, այդ թվում նաև 12 առաջարկությունները, որոնք արվել են Կառավարությանը, ամփոփելու ենք։ Եվ ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ժողովուրդն ինչ կերպ է արձագանքելու մեր հանրահավաքում հնչած կարծիքներին, այսինքն՝ թեժությունը պայմանավորված է ժողովրդի ռեակցիայից և նրա ցանկություններից։ Մենք հասկանում ենք՝ այս վիճակով շարունակել չի կարելի, որովհետև իրոք կործանվում է երկիրը, շատ ենք այդ մասին ասել, որ ավելի վատ վիճակ չի կարող լինել, բայց պարզվել է վատից վատն էլ կարող է լինել։
Ամեն դեպքում կա մի եզր, որից այն կողմ արդեն անվտանգության խնդիր է առաջանում, և այն արտագաղթը, հուսահատությունն ու հիասթափությունը, որ ապրում է ժողովուրդը և դրա արդյունքում արտագաղթում է, դա ազգային անվտանգության խնդիր է, որից հետո այլևս մենք բանակը համալրելու խնդիր ենք ունենալու, սահմանային գոտիները՝ գյուղերը անպաշտպան են լինելու։ Եթե թիկունքը դատարկ եղավ, զինվորն ավելի ուժեղ դիմակայելու խնդիր չի ունենալու, հետևաբար վտանգն այնքան մեծ է, իսկ մենք էլ կարծես պատերազմի շեմին ենք, մենք պետք է պատրաստ լինենք, մեր ժողովրդով հանդերձ դիմակայելու մեր երկրի առաջ ծառացած խնդիրներին, իսկ դրա միակ տարբերակը ազգընտիր իշխանություն ունենալն է, որին ժողովուրդը կվստահի, որի հետևից կգնա։
-Ասացիք, որ հանրահավաքը անխուսափելի է …
-Ոչ միայն անխուսափելի է, այլ հաստատ է լինելու և չի բացառվում, որ դա կլինի հանրահավաքների շարք։ Ամեն ինչ, նորից պետք է կրկնեմ, կախված է ժողովրդից ու նրա վճռականությունից և կամքից։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում: