Գյումրիի հաշմանդամ երեխաներին ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամները դրամական միջոցներ են հատկացրել
Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցչությունը սեպտեմբերի 12-ին «Հայաստան» կենտրոնում կազմակերպել էր միջոցառում ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի անդամների համար` ՀՀ մշտական ներկայացուցչի տիկնոջ` Սուսաննա Նազարյանի հովանու ներքո:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը, ով իր խոսքում բարձր գնահատեց ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհրդի կողմից իրականացվող բարեգործական գործունեությունը և վերահաստատեց ՀՀ մշտական ներկայացուցչության աջակցությունն իրականացվող միջոցառումներին:
Կանանց խորհրդի փոխնախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ մշտական ներկայացուցչությանը` խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա բարեգործական տոնավաճառներին ակտիվ և արդյունավետ մասնակցության համար, և տեղեկացրել է, որ խորհուրդն ընտրել է մշտական ներկայացուցչության կողմից ներկայացված Գյումրիում հաշմանդամություն ունեցող երեխաների համար հատուկ խաղահրապարակի կառուցման ծրագիրը, որն իրականացվելու է «Ագաթ» հատուկ կարիքներով կանանց հասարակական կենտրոնի կողմից: Ծրագրի իրականացման համար Կանանց խորհրդի կողմից հատկացվել է 7000 եվրո գումար:
Միջոցառման մասնակիցներն առիթ ունեցան ծանոթանալու «Հայաստան» կենտրոնում գործող ժամանակակից հայ նկարիչների ցուցահանդեսին և մասնակցեցին հյուրասիրությանը:ՄԱԿ-ի Վիեննայի գրասենյակի Կանանց խորհուրդը հիմնադրվել է 1967թ. և ներկայումս ունի շուրջ 500 անդամ մոտ 100 տարբեր երկրներից: Կազմակերպության հիմնական առաքելությունն է կարիքավոր երեխաների և կանանց համար բարեգործական ծրագրերի իրականացումը: Խորհրդի աջակցությամբ Հայաստանում իրականացվել են տասնյակից ավելին բարեգործական ծրագրեր, որոնք հիմնականում միտված են եղել աջակցելու երկրաշարժից տուժած տարածաշրջանի փոքրիկներին և մանկատներում ապրող կարիքավոր երեխաներին: