Բաժիններ՝

«Մանկական Եվրատեսիլ-2014»-ի բեմից Հայաստանը խաղաղության կոչ կհնչեցնի

Ինչպես հայտնի է, այս տարի «Մանկական Եվրատեսիլ» երգի միջազգային հեղինակավոր մրցույթն անցկացվելու է նոյեմբերի 15-ին, Մալթայում: Մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը հաղթահարել են 10 մասնակիցներ, իսկ ընտրական փուլը կկայանա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19:30-ին, Առաջին ալիքի ուղիղ եթերում: Նախընտրական փուլը հաղթահարել է նաև 11-ամյա Մերի Մեյրոյանը, որը ներկայանալու է «Peace» երգով:

«Մեր հայտը մի փոքր տարբերվում է մյուսներից, քանի որ այս քայլով մենք որոշեցինք խաղաղության կոչ անել աշխարհին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Մերիի պրոդյուսեր Դավիթ Բադալյանը:

Նրա խոսքով՝ այդ մեկ երգի մեջ 15 լեզուներով հնչում է խաղաղություն բառը. «Տեսնելով, թե ինչ է կատարվում ամբողջ աշխարհում՝ շատ ակտուալ համարեցինք այս թեման և անդրադարձանք խաղաղությանը: Անկախ մրցույթի վերջնական արդյունքներից՝ կարծում եմ, որ այս նախագիծը շարունակական բնույթ կկրի. հենց երեխաների կողմից անընդհատ կհնչի խաղաղության կոչը: Պարզապես շատ լավ կլիներ, որ մեր հանրությունը քվեարկի երեխայի օգտին, քանի որ մենք ուզում ենք՝ Հայաստանն այս տարի «Եվրատեսիլ»-ին ներկայանա խաղաղության կոչով: Դա նաև կնպաստի հայերի բարի համբավի տարածմանն ու հեղինակության բարձրացմանը և, ինչու չէ, մեզ ամբողջ տարածաշրջանում կհաստատի որպես խաղաղասեր ժողովուրդ»:

Դավիթ Բադալյանն ասաց, որ բեմադրության մեջ կա նաև ջութակահար, որը Սիրիայից է. «Շատ գեղեցիկ եմ համարում մեր այդ քայլը, քանի որ Սիրիայից եկած 14-ամյա տղան խաղաղության իր կոչն է ուղղում ողջ մարդկությանը: Մեր նպատակն է մեկ անգամ ևս հաստատել այն գաղափարը, որ աշխարհի բոլոր մանուկներն իրավունք ունեն խաղաղ ու անհոգ մանկություն ունենալու: Անգամ մուսուլմանական երկրներից մեզ նամակներ են գրում, շնորհակալություն հայտնում, որ նման գաղափար է պրոպագանդվում թեկուզ հենց «Եվրատեսիլ»-ի բեմից»:

Նշեմ, որ հաղթողը կընտրվի հեռուստաքվեարկության և պրոֆեսիոնալ ժյուրիի քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ: Մրցույթի մասնակից պետություններն են՝ Հայաստան, Վրաստան, Բելառուս, Բուլղարիա, Կիպրոս, Իտալիա, Մալթա, Մոնտենեգրո, Ռուսաստան, Սերբիա, Շվեդիա, Սլովենիա, Նիդերլանդներ և Ուկրաինա:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս