Լ. Զուրաբյան. Վերջերս իմացանք, որ իրենք ԱԺ-ն դիտարկում են որպես ռազմաճակատ

«Սեպտեմբերի 30-ից և քառյակի հանրահավաքից առաջ իշխանությունները նպատակ էին դրել բարելավել իրավիճակը ԱԺ խրամատներում: Վերջերս իմացանք, որ իրենք ԱԺ-ն դիտարկում են որպես ռազմաճակատ»,- այսօր ԱԺ խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա նշեց, որ իրենց համար կարևոր էր ևս մեկ անգամ ժողովրդին ցույց տալ այս իշխանությունների սնանկությունը՝ հոգևոր և կառավարման առումով, քանի որ ֆինանսական առումով հակառակն է: ՀԱԿ-ի պահանջին՝ լսումներ կազմակերպել արտագաղթի թեմայով, Լ.Զուրաբյանի խոսքով, ոչ մի պատասխան չի եղել.

«Իշխանությունը հասկանում է, որ մի կողմից արտագաղթի թեման բացահայտում է իրենց ձախողվածությունը, մյուս կողմից՝ հասկանում են, որ ավելի են թաթախվում այդ խնդիրների մեջ: Այժմ մենք պաշտոնական նամակով ենք դիմել իրենց»:

«Մեր նպատակն էր ցույց տալ, որ այս կառավարությունը ոչ միայն ավելի լավը չէ, այլ ավելի խորն է թաթախված չարաշահումների մեջ: Սա էլ ցույց տվեցինք»,- ասաց Լ.Զուրաբյանը՝ որպես վառ ապացույց բերելով «Արմավիայի» դեպքը:

Լ. Զուրաբյանը հավաստիացրեց, որ ընդդիմությունը միասնական է, պատրաստ է արդյունավետ աշխատանքի: Նա նաև մատնանշեց ՀՀԿ-ում տիրող իրավիճակը, որ ԱԺ նիստում խորհրդարանի նախագահը զգուշացնում է, որ նոր վարկ վերցնելու համաձայանգրի հարցով քվեարկություն է լինելու, բայց այդպես էլ քվեարկություն չեղավ. «Սա ամենալավ պատասխանն էր Սերժ Սարգսյանի՝ խրամատներից չբացակայելու հրամանին: Անգամ մի քվեարկություն չեն կարողանում անել: Եզրակացությունը թողնում եմ ձեզ»:

«Այս քառօրյայում իշխանությունը ջախջախից պարտություն կրեց ընդնդիմությունից»,- եզրափակեց Լ.Զուրաբյանը:

Տեսանյութեր

Լրահոս