ԲՀԿ-ական պատգամավոր. Էս երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը հարցազրույց է վարել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանի հետ:

 – Պարոն Մախսուդյան, վերջերս Ռոբերտ Քոչարյանը դարձյալ հարցազրույց տվեց, խոսեց քաղաքականություն իր վերադարձի մասին։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ նա դարձյալ վերադառնա քաղաքականություն։

– Չէ, չեմ ուզում: Գիտե՞ք՝ ես նորություն եմ ուզում, նոր մարդ եմ ուզում տեսնել։ Ես չեմ ուզում դա քննարկել, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իր թիմով իր անելիքներն արել ու հեռացել է։ Ժամանակները փոխվել են, դրա մասին խոսելն անիմաստ է, միգուցե և նախագահը երկրի առաջին ֆիգուր չլինի։

– Կարծիք է հնչում, որ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին Հայաստանի տնտեսությունը վերելք է ապրել, համաձա՞յն եք այս պնդումների հետ։

– Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ես տնտեսության ղեկավար եմ եղել, ուղևորափոխադրումներ և այլն, հիմա ես տնտեսության ղեկավար չեմ։ Քոչարյանի օրոք տնտեսական որոշ զարգացում, աշխատանք եղել է, բայց իր պաշտոնավարման վերջին տարիներից արդեն նվազում սկսվեց՝ 2006 թվականից արդեն նման բաներ նկատվում էին, ու հիմա էլ էդ նվազումը կա։ Միգուցե նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամն է պատճառը եղել։

– Ըստ ձեզ, ո՞վ էր մեղավոր։

– Էլ ո՞վ պիտի լինի՝ իշխանությունները, իրենք են պատասխանատու երկրի զարգացման համար։

– Ասացիք, որ չեք ցանկանում Քոչարյանի վերադարձը, իսկ Գագիկ Ծառուկյանին տեսնո՞ւմ եք երկրի առաջին դեմքի կարգավիճակում։ 

– Գագիկ Ծառուկյանը սկի չի էլ ցանկանում լինել։

– Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանին կցանկանա՞ք տեսնել առաջինի դերում։

– Էս երկիրը Լևոն Տեր-Պետրոսյանը քանդեց։ Չէ՛, չէ՛, չեմ ուզում։

– Այդ դեպքում Գագիկ Ծառուկյանը ինչո՞ւ է համագործակցում «երկիրը քանդած» Տեր-Պետրոսյանի հետ։

– Գագիկ Ծառուկյանը ժողովրդավար մարդ է։ Դե գուցե Տեր-Պետրոսյանը իր սխալները գիտակցում է, էդպես եմ կարծում։ Ուրիշ ելք չկա, Ծառուկյանը իր աշխատանքի ու նվիրումի արդյունքում է դարձել մեծահարուստ։

– Տպավորություն է, որ Լևոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին դեմ եք:

– Ժողովուրդն է դեմ, ես ի՞նչ, ես ժողովրդի մի մասնիկն եմ: Իմ կարծիքով՝ 1996թ. հիմք դրվեց ընտրությունների կեղծմանը, վե՛րջ:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս