«Բու»-ի սաներն անգլերեն սովորելու և Քեմբրիջի կողմից վկայականներ ստանալու հնարավորություն կունենան
Այսօր, սեպտեմբերի 10-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Փառանձեմ» սրահում տեղի է ունեցել «Cambridge ESOL քննություններ Հայաստանում» թեմայով մամլո ասուլիս, որի ընթացքում քննարկվել են Քեմբրիջյան քննությունները, որոնք միջազգայնորեն ընդունված են դպրոցների, համալսարանների և գործատուների կողմից՝ որպես լեզվի որակավորման համաշխարհային չափորոշիչ հանդիսացող որակավորումներ:
Ասուլիսին ներկա էին «Այ Սի էլ Թի» լեզուների և վերապատրաստման հիմնադիր տնօրեն Լուսինե Շահնազարյանը, «Cambridge English» գնահատման կենտրոնի զարգացման աջակցության բաժնի ղեկավար Լիլի Մարենզին, և Esolarm տեստավորման և վերապատրաստման կենտրոնի ներկայացուցիչ Տաթև Սարգսյանը:
Ասուլիսին հաջորդել է Քեմբրիջյան «Բու» նախադպրոցական ակադեմիայի պաշտոնական բացումը ICLT-ի՝ Լեզուների և վերապատրաստման միջազգային կենտրոնի բակում, որտեղ ներկա էին արդեն իսկ գրանցված ծնողներն իրենց փոքրիկների հետ, ICLT-ի գործընկերներն ու ընկերները, համագործակցող կազմակերպություններից ներկայացուցիչներ և այլոք: «Բու»-ի ծրագրի անգլերենի մասը կապահովի ICLT-ի դասախոսական կազմը:
«Բու»-ի ամենակարևոր տարբերակիչ հատկություններից է այն, որ բվիկները կունենան ոչ միայն անգլերեն սովորելու, այլև ավարտելուն պես Քեմբրիջի կողմից վկայականներ ստանալու հնարավորություն, իսկ դա արդեն վաղ տարիքից միջազգային որակավորման հետ առնչվելու մեծ հնարավություն է», – նշեց «Բու»-ի տնօրեն Լուսինե Շահնազարյանը:
Ցերեկույթի երաժշտական մասն ապահովել է DJ Վակցինան: