Գործընկերները պահանջում են ազատ արձակել պատանու մահվան մեջ կասկածվող բժշկին. azatutyun.am
Azatutyun.am-ը գրում է. Օրերս Վանաձորում ստորագրահավաք էր կազմակերպվել՝ Լոռու մարզի գլխավոր վիրաբույժ Վլադիմիր Ղուկասյանին կալանքից ազատելու պահանջով: Նա կասկածվում է 15-ամյա պատանու մահվան հարցում մեղքի բաժին ունենալու, անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու և մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու մեջ:
Մոտ մեկ տարի առաջ «Վանաձորի բժշկական կենտրոնում» մահացած 15-ամյա Դավիթ Հովակիմյանը Երևանի բնակիչ էր` Լոռու մարզ էր մեկնել մրցումների և դանակահարության հետևանքով հայտնվել հիվանդանոցում:
«Հանդբոլի թիմում էր ինքը խաղում, գնացել է մրցումների, երրորդ օրը վիճաբանություն է եղել, իմ երեխուն կանչել են օգնության, գնացել է վիճաբանության տեղը և դանակահարվել է էնտեղ: 7-ին 10 պակաս էդպես երեկոյան տարել են հիվանդանոց, հիվանդանոցում 9.35 րոպե իմ երեխան մահացել է», – ասաց Դավիթ Հովակիմյանի հայրը:
Տղայի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել և 2 շաբաթ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել կալանավորել բժիշկ Ղուկասյանին: Բժշկի ընտանիքը, հարազատներն ու գործընկերները խնդրում և պահանջում են դատարանից վերանայել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշումը և ազատել Վլադիմիր Ղուկասյանին:
Առողջապահության աշխատողների արհեստակցական կազմակերպությունների միության նախագահ Գայանե Արմաղանովան ասում է, որ իրենք ևս, սատարելով այս նախաձեռնությանը, բաց նամակ են ուղղել գլխավոր դատախազին, առողջապահության նախարարությանը և Մարդու իրավունքների պաշտպանին:
«Մեղավոր է բժիշկ Ղուկասյանը, թե մեղավոր չի, թող որոշի դատարանը: Սակայն մենք համոզված ենք, որ մինչև դատարանի որոշումը նա չպետք է կալանավորվի: Եթե նա մի քանի ամիս չաշխատի, նա մարզի գլխավոր մասնագետն, բաժնի վարիչն է վիրաբույժն է, տուժելու է բնակչությունը՝ չստանալով համապատասխան բուժօգնություն», – «Ազատության» հետ զրույցում ասաց Արմաղանովան:
Մինչդեռ հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքում մահացած Դավիթ Հովակիմյանի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, համոզված է, որ իր տղան մահացել է Լոռու մարզի գլխավոր վիրաբույժի մեղքով, ով ժամանակին և պատշաճ օգնություն չի ցուցաբերել երեխային։
Որդեկորույս հայրը համոզված է, որ բնակչությունը կտուժի այն դեպքում, եթե բժիշկը վերադառնա աշխատանքի. – «Ես մի բան կարամ խնդրեմ, նման մարդիկ իրավունք չունեն որպես բժիշկ աշխատելու: Իմ երեխուն արդեն ես կորցրել եմ, թող իմ երեխու կյանքի ելքով, թող ուրիշ երեխեքը փրկվեն գոնե, ուրիշ ծնող չտենա էն, ինչ որ ես եմ տեսնում»:
Մանրամասներն՝ այստեղ