Ալեն Ների. «Այս հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը Ազգերի ինքնորոշման իրավունքն է»
«Մենք եկել ենք այսօր ԼՂ որպես ֆրանսիացի պատգամավորներ եւ դրա համար ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել: Որովհետեւ ազատությունը մեզ համար բացարձակ արժեք է, եւ ազատության արժեքի մասն է կազմում պատգամավորների եւ յուրաքանչյուր մարդու ազատ տեղաշարժի իրավունքը»,- հայտարարել է ֆրանսիացի սենատոր Ալեն Ներին ԼՂՀ ԱԺ-ում քաղաքական ու հանրային շրջանակների հետ կայացած հանդիպման ընթացքում:
«Յուրաքանչյուր պատգամավոր ունի ազատ տեղաշարժվելու, տեղեկացվելու եւ տարբեր երկրների իր գործընկերների հետ կապեր հաստատելու իրավունք»,- ասել է Արցախ ժամանած ֆրանսիական պատվիրակության ղեկավար սենատոր Ալեն Ներին, նշելով, որ իր այդ կարծիքն արտահայտել է նաեւ Բաքվում:
Նա Ադրբեջանի մայրաքաղաքում իր դժգոհությունն է արտահայտել այն առթիվ, որ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ֆրանսիական պատվիրակության մի մասը չի կարողացել մուտքի վիզա ստանալ Ադրբեջան, այն պատճառաբանությամբ, որ երբեւէ եղել են Ղարաբաղում:
Ալեն Ներին, ով ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ֆրանսիական պատվիարկության փոխնախագահն է, Ստեփանակերտում ասել է, որ գործընկերների հետ առիթը բաց չեն թողնում ԵԱՀԿ շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին խոսելու համար: Իրենց տեսակետը հայտնել են նաեւ Բաքվում կայացած վեհաժողովի նիստի ժամանակ, հենց այն օրերին, երբ շփման գծում իրավիճակը լարվել էր:
«Մեր միակ ցանկությունն այն է, որ մեր հնարավորությունների սահմանում անենք ամեն ինչ, որպեսզի Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղություն հաստատվի, հիմնված ժողովրդավարության եւ ազատության սկզբունքների վրա», – Ստեփանակերտում հայտարարել է Ներին, լրացնելով, որ ինքը կողմնակից է, որ խնդիրը կարգավորվի Ազգերի ինքնորոշման սկզբունքի հիման վրա: «Այս հակամարտությունը լուծելու լավագույն միջոցը Ազգերի ինքնորոշման իրավունքն է: Այս երկրի բնակչության կարծիքը հարցնելը: Այդ կարծիքը հարցնել կարելի հանրաքվեի կամ այլ հարցման ձեւով , բայց հիմնվելով ԱԻԻ-ի վրա, եւ այդ կարծիքի վրա կարելի է լուծում տալ այս հակամարտությանը»,- հայտարարել է Ֆրանսիայի Սենատի անդամ Ալեն Ներին: