«Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում». Ֆիլմ՝ ուղղված անհայտ կորած անձանց խնդրի վերհանմանը (տեսանյութ)
Անհայտ կորած անձանց խնդիրը Հայաստանում օրենսդրորեն լուծում չստացած հարցերից մեկն է: Բազմաթիվ քաղաքացիներ, հակամարտության պատճառով, ներկայումս անհայտ կորած են և նրանց հարազատները գտնվում են անորոշ իրավիճակում՝ չունենալով որևէ տեղեկություն իրենց հարազատի ճակատագրի վերաբերյալ: Դեռևս 2004 թվականին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը սկսել էր «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի վերաբերյալ քննարկումները և նախագծի մշակումը: 2007 թ. օրենքի նախագիծը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով, սակայն այն հավանության չարժանացավ: Օրենքի նախագիծը մնաց անտեսված, մինչ 2010 թ., երբ ՀՀ արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվեց աշխատանքային խումբ, որը ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագծի տարբերակը պետք է վերամշակեր և համապատասխանեցներ միջազգային չափանիշներին և Կարմիր խաչի տիպային օրինակներին: Պարբերական հանդիպումներից հետո օրենքի նախագիծը բերվեց վերջանական տեսքի ու համապատասխանեցվեց բոլոր անհրաժեշտ չափանիշներին, սակայն մինչ օրս չի ներկայացվել ՀՀ Ազգային ժողով: Այս տարվա հուլիսին կազմակերպությունը հարցում է ուղարկել ՀՀ արդարադատության նախարարություն՝ տեղեկանալու համար ինչու նախագիծը չի հայտնվում ՀՀ Ազգային ժողովի օրակարգում:
Արդարադատության նախարարությունը, որտեղ ըստ վերջին հարցումների գտնվում էր օրենքի նախագիծը, պատասխան գրությամբ հայտնել էր, որ «… նախագիծը չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտի նախագիծը ներկայացնելու վերաբերյալ օրենսդրական պահանջներին …»: Այսպիսով, ՀՀ Արդարադատության նախարարությունը կարծես միտումնավոր կախվածության մեջ է թողնում իր իսկ կողմից վերջնական մշակման ենթարկված օրենդրական նախագիծը, ստացվում է, որ ՀՀ ԱՆ-ն որևէ հետաքրքրվածություն չունի «Անհայտ կորած անձանց մասին» օրենքի ընդունման, կամ գոնե քննարկման հարցում: Ինչևէ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը, չանտեսելով Անհայտ կորած անձանց խնդիրը, սկսած 2004 թ.-ից, ամեն տարի օգոստոսի 30-ին նշվող Անհայտ կորածների միջազգային օրվա կապակցությամբ տարբեր միջոցառների միջոցով մշտապես ուշադրության կենտրոնում է պահում անհայտ կորածների խնդիրը և կառավարության ու օրենսդիրի ուշադրությունը փորձում հրավիրել անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների խնդիրների վրա: Այս տարի էլ կազմակերպության կողմից, սեպտեմբերի 6-ին կազմակերպվել էր անհայտ կորած անձանց մասին պատմող ֆիլմի դիտում: Ֆիլմը պատրաստվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Երիտասարդները հանուն խաղաղության և մարդու իրավունքների ծրագրի շրջանակներում Եվրոպական կամավորական ծրագրի կամավորներ Աննա Շղայլեյհխնեղի և Լենա Փիբեղի կողմից:
Ֆիլմը կրում է «Ինչ-որ տեղ, անհայտում: Անհայտ կորածների վիճակը իրավական անորոշության մթնոլորտում» խորագիրը, և ներկայացնում է անհայտ կորած անձանց պատմություններ՝ նրանց հարազատների շուրթերից: ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կամավորները օգոստոսի 30-ին՝ անհայտ կորած անձանց միջազգային օրը, ակցիա էին իրականացրել Վանաձորի փողոցներում, անցորդներին տեղեկացնելով անհայտ կորած անձանց խնդիրների մասին: Միջոցառման ժամանակ ցուցադրվեց նաև «Համերաշխության պատը», որը պատրաստվել էր աշխարհի տարբեր երկրներից ստացված լուսանկարներից:
Լուսանկարներում տարբեր ազգություների անձինք՝ համերաշխություն հայտնելով, իրենց ձեռքերում պահում են «Ինքնություն տվեք անհայտ կորածներին» գրությունը՝ տարբեր լեզուներով:
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ