Պարույր Հայրիկյանը պատահաբար հանդիպել է Վեհափառին. Նա զբոսնում էր և այդ զբոսանքի ժամանակ հանդիպեցինք (տեսանյութ)

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, ինչպես հայտնի է՝ երեկվանից նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի հորդորով հացադուլ է անում: Նա հացադուլ է անում հանրության աչքից հեռու, իր խոսքով՝ լինում է վանքերում և աղոթք է անում, և միայն ժամը 17:00-18:00-ն է լինում նախագահական նստավայրի մոտ: 168.am-ի հարցին, թե մտավախություն չունե՞ք, որ հասարակությունը վստահություն չի ունենա Ձեր հացադուլի նկատմամբ, Պ. Հայրիկյանն այսպես պատասխանեց. «Չէ, ինչպես Չարենցն էր ասում՝ սինլքորները, այդ տեսակի մարդիկ մեկ է՝ պետք է ասեն: Օրինակ, անցած օրը մեկն ասում է՝ մորուքի տակ բան կա գրած: Ես էլ մի քիչ անպարկեշտ բան թույլ տվեցի՝ ասեցի՝ մայրիկդ խոստացել էր, որ իր գրածը ոչ մեկին չի ասելու, քեզ ասե՞լ է: Նեղվեց այդ տղան: Ասեցի՝ տղա ջան, եթե դու անպարկեշտ բաներ ես ասում, ինչի՞ ես նեղվում, երբ քեզ հակադարձում եմ: Բամբասողները կասեն և արդեն ասում են, բայց ես երբևէ դրանով ապրե՞լ եմ: Ես այնպիսի բարձր մակարդակի բամբասանքներ եմ լսել իմ կյանքում, որ դրանք բոլորը մանրուք են»:

Մենք հետաքրքրվեցինք Պ. Հայրիկյանից, թե ի՞նչ է նա աղոթում, երբ գնում է վանքեր, ու նա պատմեց, որ հենց այսօր եղել է Էջմիածնի երեք վանական համալիրներում, որտեղ պատահական հանդիպել է Վեհափառին. «Տիրոջ կամքն էր, այդպիսի բան չէի ծրագրել: Նա զբոսնում էր, և այդ զբոսանքի ժամանակ հանդիպեցինք, զրուցեցինք, նաև հետաքրքրվեց ընթացքով: Ես խնդրում եմ Տիրոջից տալ մեզ բոլորիս, բայց առաջին հերթին հայ իշխանավորներին այն, ինչ մեզ անհրաժեշտ է աստվածահաճո ճանապարհով գնալու համար: Մասնավոր աղոթքներ էլ, իհարկե, կան, բայց այս ընթացքում հիմնականում խնդրում էի մեր սրբերի միջնորդությունը, որպեսզի իմաստություն տա մեր ղեկավարներին, տա Աստծո ճանապարհով գնալու խիզախություն»:

Տեսանյութեր

Լրահոս