Պարույր Հայրիկյան. «Սերժ Սարգսյանն արդեն հրաժարական է տվել, մնում է՝ ներկայանա քաղաքացիներին»

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը, որ երեկվանից նախագահի հրաժարականի պահանջով հացադուլ է անում, այսօր 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հացադուլի պատճառով իրեն ընդամենը մի քիչ թույլ է զգում:

Մեր հարցին՝ եթե Սերժ Սարգսյանը այդպես էլ հրաժարական չտա, ինչքա՞ն է շարունակվելու ԱԻՄ առաջնորդի հացադուլը, նա պատասխանեց, որ նախնական, վերջնական որոշում չունի. «Բայց երբ 100 տոկոսանոց որոշում չունես, առաջնորդվում ես ավանդույթներով: Կան հայկական ավանդույթներ, և ես դրանց հավատարիմ կլինեմ»:

Հարցին, թե հավատո՞ւմ եք, որ հացադուլը նպատակին կհասնի, և նախագահը հրաժարական կտա, Պ.Հայրիկյանը պատասխանեց. «Չէ, իմ հացադուլի նպատակն ընդամենը բողոքի ցույց անելն է: Հացադուլը որոշակի նպատակ չի ընդունում, պետք է անկեղծ լինեմ, ես հորդորում եմ: Ինչ վերաբերվում է պահանջելուն, ես շատ լավ հասկանում եմ, որ այդպիսի պահանջով կարող է միայն ժողովուրդը հանդես գալ: Իսկ այն, որ ինքը պետք է հրաժարական տա, մյուս կողմից ես ասում եմ այն, ինչ ինքն արել է: Ինքն արդեն հրաժարական տվել է: Այսինքն՝ եթե մարդն ասում է՝ գնում ենք Եվրոպական միություն, բայց դրա փոխարեն գնում է ռուսական կայսրություն, եթե ասում է՝ ապահով հայրենիքում ենք ապրելու և ավելի անապահով հայրենիքում ենք ապրում, ասում է՝ Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց այդ դաշնակիցը զենք է մատակարարում Ադրբեջանին, այդ բոլոր տեսակետերից ինքն արդեն հրաժարական տված մարդ է: Ինքն արդեն դա արել է, մնում է ներկայանա քաղաքացիներին»:

Տեսանյութեր

Լրահոս