
Ստեփան Մարգարյանը՝ Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների համար մեղադրողի պահանջած պատժաչափի մասին. Շատ խիստ է

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի գնահատմամբ՝ Շանթ Հարությունյանի, նրա որդու և ընկերների համար մեղադրողի պահանջած պատժաչափը շատ խիստ է:
«Մի քիչ շատ-շատ է այդ պատժաչափը, որ առաջադրված է: Դա մի քիչ անհասկանալի և բավականին խիստ մոտեցում եմ համարում այդ հարցում, այդ անչափահաս տղայի հետ կապված, այն արարքը, որ կատարվել է: Ես, անկեղծ ասած, քրեական իրավունքի մասնագետ չեմ, բայց, կարծում եմ, շատ դժվար է դա Քրեական օրենսգրքում տեղավորելը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս.Մարգարյանը:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի գործով մեղադրող Գևորգ Գևորգյանը հիմնավորված է համարել նոյեմբերի 5-ին՝ «Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով քաղաքական պահանջներ հնչեցրած քաղաքացիների մեղադրանքը և միջնորդել է դատապարտել 4 տարուց մինչև 8.5 տարվա ազատազրկման, իսկ Շանթի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին՝ 5 տարվա: