Արծվիկ Մինասյան. Այս կարգավորումների ներքո անգամ կարող եք պատասխանատվության ենթարկել մարդու, ով մահացած է

2013թ. ընթացքում տրանսպորտի ոլորտում 1.5 մլն վարչական խախտումների ակտ է կայացվել, օրական՝ 4110 վարչական խախտում, իսկ մեքենաների թվի վրա բաժանելիս ստացվում է ամեն մեքենա տարեկան 4 խախտում է անում: Այս մասին այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Այդ ի՞նչ է, հայ վարորդները այդքան հակվա՞ծ են խախտումներ անելու: Գուցե վարչական մարմինն է այլ մեխանիզմ կիրառել, որ ամեն ինչ անում է, որ ավելի շատ փող տանի,- ասաց Ա.Մինասյանը ու նկատեց,- Այս կարգավորումների ներքո անգամ կարող եք պատասխանատվության ենթարկել մարդու, ով մահացած է: Կամ գուցե կյանք է փրկել մարդը, երբ արագություն է գերազանցել»:

Նա մատնանշեց՝ ՍԴ 18-րդ հոդվածը, որն ասում է, որ մարդը վարչական մարմինների առջև լսվելու իրավունք ունի. «Դուք սրանով զրկում եք մարդուն լսվելու իրավունքից»: Մինասյանը նաև հայտնեց իր տարակուսանքը, թե ինչպես կարող է վարչական ակտով Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունն արգելանք դնել հաշիվների վրա:

«Կարող եք քմծիծաղ տալ, բայց դրանից բան չի փոխվի»,- դիմեց Ա.Մինասյանը ՀՀԿ-ական գործընկերներին:

Պատգամավորը շեշտեց, որ օրինագծում հակասությունները շատ են, օրինակ՝ օրինագծով առաջարկվում է վարչական ակտի ծանուցումը ստանալուց հետո 30-օրյա ժամկետում կատարել ակտը, իսկ վարչական իրավախախտումներով նախատեսվում է ակտի կատարում 15-օրյա ժամկետում: Ա.Մինասյանի գնահատականով՝ azdarar.am կայքում ծանուցումը տեղադրելը լուծում չէ, քանի որ չի կարելի մարդուն պարտադրել մշտապես փնտրել իրեն այդ կայքում. «Նախաձեռնությունը լավն է, բայց պետք է զարգացնել և ամբողջական լուծում տալ»:

Տեսանյութեր

Լրահոս