Գևորգ Դանիելյան. Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա

ՀՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը նախատեսվող սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերջնական տարբերակում կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա: Այս մասին այսօրվա ասուլիսում տեղեկացրեց սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը:

Նա նշեց, որ հանրային քննարկումների, ստացված առաջարկությունների, դիտողությունների և կատարված աշխատանքի արդյունքում օգոստոսի վերջին կազմվել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի պատրաստի փաստաթուղթը, որը կարելի է ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը:

Գևորգ Դանիելյանի տեղեկացմամբ` Վենետիկի հանձնաժողովում ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումները տեղի են ունենալու Փարիզում` սեպտեմբերի 19-ին, 20-ին և 21-ին, որից հետո հայեցակարգը հոկտեմբերի 15-ին կներկայացվի ՀՀ նախագահին:

Գևորգ Դանիելյանը նաև ավելացրեց, որ ս. թ. ապրիլին ներկայացված հայեցակարգի նախագծի նախկին տարբերակի համեմատությամբ տեղի են ունեցել զգալի փոփոխություններ, և նոր հայեցակարգն առանձնանում է մի քանի նկատառումներով:

Այս առումով թերևս ուշագրավ է այն կետը, որը վերաբերում է պետության կառավարման համակարգին: Ինչպես հայտնի է, նախորդ տարբերակում որպես այլընտրանք կիսանախագահական համակարգին` առաջարկվում էր անցում կատարել կառավարման խորհրդարանական ձևին: Այսօր Գևորգ Դանիելյանը տեղեկացրեց, որ հանձնաժողովը վերջնականապես կանգ է առել կառավարման խորհրդարանական ձևի վրա. «Պետք է ասեմ, որ վերջնական նախագծում այլընտրանք չկա. վերջնական ընտրությունը մեր կողմից կանգ է առել խորհրդարանական կառավարման ձևի վրա»:

Տեսանյութեր

Լրահոս