Բաժիններ՝

«Խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք». Անահիտ Բախշյանը` ՀՀ նախագահին

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի տարածած հաղորդագրությունը.

«Խորհրդարանի աշխատանքներին մատների արանքից նայելը կամ բացակայելը` անթույլատրելի է: Ձեր բոլորի կռվի դաշտը, խրամատը խորհրդարանն է: Ձեր թշնամին մեր հոգսերն են, մեր երկրում եղած պրոբլեմներն են»:

Ս. Սարգսյանի այս խրատները ընդամենը փաստում են ներկայիս ԱԺ-ի հանրապետական խմբակցության խայտառակ գործունեությունը, որը շտկել հնարավոր չէ նույնիսկ ի’ր հիշեցումից հետո:

Խորհրդարանում աշխատելու համար առնվազն կարդալու, պետության մասին մտածելու, համապատասխան գրառումներ և առաջարկներ կատարելու կարողություն է պետք ունենալ, որոնք նման խրատներով ձեռք բերել հնարավոր չէ, սա ես որպես մանկավարժ եմ ասում:

Այս կարողությունները միայն կրթությամբ են ձեռք բերում: Այնպես որ նրանց այս կարողությունները խորհրդարան բերելուց առաջ պետք է ստուգած լինեիք:
Այսինքն խորհրդարանի խրամատը այդ մարդկանց համար հակացուցված է, նրանց մեծ մասը Ձեր ասած` վատ զինվորներն են, ովքեր սահմանը պաշտպանելու փոխարեն` հրացանը ձեռքին փախչում են, իսկ մեր երկրում եղած պրոբլեմներն էլ ոչ թե նրանց թշնամին են, այս որակման հետ լիովին համաձայն եմ, այլ` նաև նրանց հարստանալու միջոցը:

Այնուամենայնիվ` միամիտ-միամիտ հարցնում եմ. ի՞նչ եք անելու, եթե այս հիշեցումից, զգուշացումից հետո էլ շարունակեն բացակայել, մատների արանքից նայել իրենց գործին, կամ էլ երկրում եղած պրոբլեմները ոչ թե վերացնեն` որպես իրենց թշնամի, այլ այնքան բազմացնեն, որ Դուք էլ, իրենք էլ, բոլորս էլ, խեղդվենք այդ պրոբլեմների ծովում: Համոզված եմ, որ և’ Դուք, և’ մենք բոլորս չենք ուզում խեղդվել իրենց գործին մատների արանքից նայող Ձեր հովանավորած պատգամավորների պատճառով:
Ուրեմն խրատելու փոխարեն` նրանցից ազատվելու մի ճար արեք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս