ՄՄ-ին Հայաստանի անդամակցության մասին որոշման հայտարարությունը դեռ ոչ մի ազդեցություն չի թողել միգրացիոն երևույթների վրա
Անցած տարի սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին որոշման հայտարարությունը դեռ ոչ մի ազդեցություն չի թողել միգրացիոն երևույթների վրա: Այս մասին 168.am-ին ասաց Միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը:
Ըստ նրա՝ ՄՄ ազդեցությունը կզգացվի Հայաստանի անդամակցությունից հետո: Ի.Դավթյանի խոսքով՝ ՄՄ-ում միգրացիայի օրենսդրությունը երկու կարևոր պահ ունի՝ անդամ երկրների քաղաքացիները 30 օրվա ընթացքում ազատվում են հաշվառվելու պարտավորությունից և ՄՄ անդամ երկրների քաղաքացիներն առանց աշխատանքի թույլտվության կարող են աշխատել մյուս անդամ երկրներում՝ միայն պայմանագրի հիման վրա:
«ՀՀ աշխատանքային միգրանտների 94%-ը գնում է ՌԴ և ՀՀ կառավարությունը որոշեց, որ, ելնելով կարևորությունից, ՌԴ հետ նախքան անդամակցությունը կնքի երկկողմ համաձայնագրեր»,- ասաց Ի.Դավթյանը:
Նա հերքեց շրջանառվող լուրերը, որ ՌԴ-ն մերժել է ՀՀ-ին՝ վավերացնել պայմանագրերը. «Ռուսական կողմում պայմանագրերի վավերացման ընթացակարգերը շարունակվում են»: