Արմեն Մուրադյանն այցելել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոց
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ այցելեց «Մուրացան» համալսարանական հիվանդանոց: Գլխավոր տնօրեն Բագրատ Բավեյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին հիվանդանոցի բաժանմունքներով, զրուցեցին հիվանդների հետ:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցը ԵՊԲՀ ամբիոնների կլինիկական բազան է: Բժշկական կազմակերպությունում գործում են թերապիայի, մանկաբուժության, էնդոկրինոլոգիայի, թունաբանության և մանկական վերակենդանացման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի, դիմածնոտային վիրաբուժության և ԼՕՌ, անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման, Ֆիզիոթերապիայի և ռեաբիլիտացիայի, քիմիաթերապիայի, խաղաթերապիայի կլինիկաները, հիշողության խանգարման կենտրոնը, ինչպես նաև լաբորատոր ախտորոշիչ ծառայությունը, որն իրականացնում է կլինիկական, բիոքիմիական, սեռոլոգիական, իմունաբանական, բակտերիոլոգիական և այլ քննություններ:
Հիվանդանոցի «Մուրացան» պոլիկլինիկան սպասարկում է 11 000-ից ավելի 0-18 տարեկան երեխաների և շուրջ 3000 մեծահասակ բնակչության: Պոլիկլինիկայի կազմում է նաև բժշկական գենետիկայի հանրապետական կենտրոնը, որը զբաղվում է ժառանգական և մետաբոլիկ հիվանդությունների ախտորոշմամբ և բուժմամբ: Իրականացվում է նաև ֆենիլկետոնուրիայով տառապող երեխաների սկրինինգ և հետագա հսկողություն:
2004 թվականից գործող խաղաթերապիայի սենյակում նախարարի այցելության ժամանակ բուժում ստացող երեխաները նկարում էին: Արմեն Մուրադյանը կենտրոնի հոգեբան Լուսինե Հովհաննիսյանին առաջարկեց երեխաների աշխատանքներից բարեգործական ցուցահանդես-վաճառք կազմակերպել` ստացված հասույթն ուղղելով անհրաժեշտ բժշկական սարքավորումներ ձեռք բերելուն։
Խաղաթերապիայի սենյակում ջերմ և անկաշկանդ մթնոլորտ էր։ Դա, ինչ խոսք, նպաստում է հիվանդ երեխաների բուժման գործընթացն ավելի արդյունավետ դարձնելուն, միմյանց նկատմամբ առավել հոգատար լինելուն:
2007թ.-ից առ այսօր խաղաթերապիայի կաբինետում PMU InterLife կազմակերպության ծրագրի շրջանակում պոլիկլինիկայի և հիվանդանոցի բուժանձնակազմի հետ համատեղ իրականացվում է «Ընտանեկան կենտրոն» կրթական և զարգացման ծրագիրը` հիմնականում ծնողների շրջանում։
Հիվանդանոցի ուսումնական մասում նախարարը զրուցեց ուսանողների հետ, հետաքրքրվեց նրանց մասնագիտացմամբ: Ուսանողներից շատերն արդեն կողմնորոշվել էին իրենց մասնագիտության ընտրության մեջ: Արմեն Մուրադյանը լսարանում հանդիպեց նաև Հայաստանում բարձրագույն բժշկական կրթություն ստացող հնդիկ ուսանողներին:
Նախարարին ներկայացվեց հիվանդանոցի ավտոնոմ էլեկտրասնուցման համակարգը:
ՀՀ Առողջապահության նախարարություն