Անդրանիկ Քոչարյանը՝ ոչ իշխանական ուժերի մասին. Եթե նրանց օրակարգում արդեն չկա Քոչարյան Ռոբերտի թեմա, չկա նաև Մարտի 1-ի՞ թեմա. «Ազատություն»
Ընդդիմադիրներն ու «Մարտի 1»-ի գործով նախկին Փաստահավաք խմբի անդամները տարակուսած են այս գործով քննչական խմբի ղեկավարի անձը գաղտնի պահելու Հատուկ քննչական ծառայության վարքագծից։ «Ազատության» զրուցակիցները չէին բացառում, որ «Մարտի 1»-ի քննչական խումբը ղեկավար ընդհանրապես չունի, գործն էլ փաստացի կասեցվել է, բայց աղմուկից խուսափելու համար տեղեկատվությունը առայժմ թաքցվում է։
Անցած շաբաթ մամուլը հրապարակեց տեղեկատվություն, որ Վահագն Հարությունյանից հետո Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար նշանակված Վաղինակ Ջանազյանը գրեթե մեկ տարի է այլ պաշտոնի է անցել, նշանակվել է Երևան քաղաքի դատախազի տեղակալ, բայց որևէ հաղորդագրություն չի տարածվել ոչ այս, ոչ էլ քննչական խմբի նոր ղեկավար նշանակելու մասին։
«Ազատության» հարցմանը, թե ո՞վ է քննչական խմբի նոր ղեկավարը, եթե Ջանազյանը իրոք փոխվել է, Հատուկ քննչական ծառայությունից պատասխանել են. «Քրեական գործի կարևորությունից ելնելով, երբ քննչական ակտիվ գործողություններ են կատարվում, նախաքննության այս փուլում նպատակահարմար չենք գտնում քննության վերաբերյալ այլ մանրամասներ հայտնել՝ ելնելով նախաքննության գաղտնիության պահպանության սկզբունքից»։
Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը «Մարտի 1»-ի բացահայտման փակուղի մտնելու հարցում հավասարապես մեղադրում է նաև ընդդիմությանը։ Քննչական ծառայության գաղտնապահությունն էլ բացատրում է ընդամենը ասելիք չունենալով։ Ըստ նրա՝ դա պետք է բացահայտվի քաղաքական իրողությունների փոփոխության արդյունքում, որն, այնուամենայնիվ այսօր իրականություն չի, որովհետև, Ա. Քոչարյանի խոսքով՝ այսօր «մենք կորցրեցինք նաև ընդդիմության զբաղեցրած տեղը՝ դա հանձնելով «ոչ իշխանական ուժեր» հասկացությանը»:
«Այսօր ընդդիմություն չկա, կան ոչ իշխանական ուժեր, երբ որ կային ընդդիմադիր ուժեր, իշխանություններն, այնուամենայնիվ, այսպիսի պահվածք չէին դրսևորում Մարտի 1-ի հարցով։ Այսօր, երբ նույն նախկին ընդդիմության ներկայացուցիչները միտք են արտահայտում, որ իրենց օրակարգում Ռոբերտ Քոչարյանի թեմա չկա, գուցե արդեն՝ եթե չկա Քոչարյան Ռոբերտի թեմա, չկա նաև Մարտի 1-ի թեմա։ Եվ դրանով է պայմանավորված և միջազգային կառույցների պահվածքը այս հարցի շուրջ (եթե հիշենք նախկինում ինչպիսի ակտիվությամբ էին պահանջում գործի բացահայտումը), և այսօրվա մեր քաղաքական համակարգի մոտեցումները Մարտի 1-ի նկատմամբ։ Դա է արդյունքը։ Գուցե պետք է սկսել Ռոբերտ Քոչարյանից, որպեսզի Մարտի 1-ի թեման նորից դառնա քննարկման թեմա»,- ամփոփել է Ա. Քոչարյանը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: