«Աղավնաձոր գյուղը սպասում է, տեսնի՝ ի՞նչ գին կտան խաղողին, որ բունտ անի, կամ չանի»

Այս տարի խաղողի բերքահավաքը մոտ 10 օր շուտ կսկսվի, քանի որ տարին առաջ է ընկել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

«Տարին լավ է խաղողի համար, որակը լավ է, բայց քանակը սպասվող մոտ 30% ավելիի փոխարեն՝ 10%-ով շատ կլինի անցած տարվա համեմատ»,- ասաց Ա.Հարությունյանը:

Ըստ նրա՝ այս տարի խաղողը գյուղացիներից կմթերվի կոնյակի համար միջինում 5 դրամ/կգ ավելի, իսկ գինու համար հնարավոր է՝ 10 դրամ/կգ ավելի գնով (Արարատյան դաշտում խաղողի մթերման մեկնարկային գինը 2013-ին 140 դրամ/կգ էր, իսկ Տավուշի մարզում՝ 130 դրամ/կգ):

Նրա խոսքով՝ նախորդ տարի ֆերմերների հետ կնքված մթերման երկարատև պայմանագրերը զգալիորեն նպաստել են խաղողագործությանը. «Շուկան ինտենսիվ զարգանում է»: Միության նախագահը նշեց, որ մթերման երկարատև պայմանագրերի կնքման պրակտիկան կշարունակվի նաև հետագայում:

Հարցին՝ գյուղացիներից դժգոհություններ կա՞ն, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Այս պահին՝ ոչ: Աղավնաձոր գյուղը, ինչպես միշտ, սպասում է, տեսնի՝ ի՞նչ գին կտան, որ բունտ անի, կամ չանի»:

Տեսանյութեր

Լրահոս