«Սպասվում է մեծ բախում, որում դերակատարություն են ունենալու ոչ միայն քառյակը, այլև երկրորդ նախագահն ու օլիգարխիան». Նարեկ Գալստյան
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանն այսօր կայացած ասուլիսում խոսելով ներքաղաքական առաջիկա զարգացումների և ոչ իշխանական քառյակի գործողությունների մասին՝ ասաց, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում սպասվում է մեծ բախում, որում իրենց լուրջ դերակատարությունն են ունենալու ոչ միայն քառյակը, այլև երկրորդ նախագահը՝ իր վերադարձով, և օլիգարխիան՝ որպես հավաքական կերպար.
«Ընթանալու է ոչ թե գաղափարների կամ ծրագրերի պայքար, այլ աթոռի և իշխանության վերաբաշխման լուրջ կռիվ: Այս գործընթացը ևս մեկ անգամ սասանելու է մեր պետության հիմքերը: Իսկ որոշ քաղաքական ուժերի կողմից կանխատեսված թեժ աշունը չի լինի, որովհետև բոլոր քաղաքական ուժերը վերադասավորումների մեջ են, որի արդյունքում՝ բուն պայքարը կընթանա 2015թ. աշնանը կամ 2016-ին»:
Ըստ նրա, իրենց կուսակցության քաղաքական ծրագրերի մեջ է մտնում մինչև նոյեմբեր հանրահավաք կազմակերպելը, որի ընթացքում հիմնական շեշտադրումները լինելու են սոցիալական խնդիրները: «Վստահ չեմ կարող ասել, որ հանրահավաքը կկարողանա բեկում մտցնել քաղաքական գործընթացում, բայց մենք մեր խոսքն ասելու ենք առաջիկա գործընթացների ժամանակ»,- ասաց նա:
Պատասխանելով հարցին՝ կսպասարկի՞ արդյոք քառյակը Ռոբերտ Քոչարյանին՝ վերադարձից հետո, Գալստյանն ասաց, որ քառյակի դերակատարներից 2-3-ը կսպասարկեն.
«Փաստ է, որ Քոչարյանը վերադառնալու է, փաստ է նաև այն, որ այդ վերադարձի արդյունքում մեզ ոչ մի լավ բան չի սպասվում: Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը վերադարձավ մեծ քաղաքականություն՝ 10 տարվա լռությունից հետո, լավ կամ վատ, նա ժողովրդին հաշվետվություն ներկայացրեց:
Յուրաքանչյուր քաղաքական գործիչ, մանավանդ, երբ նա ունի որոշակի դիրք, երբ խոսում է իր վերադարձի մասին, պետք է ազնվություն մտցնի իր գործունեության մեջ, այսինքն՝ ժողովրդին հրապարակային հաշվետվություն տա՝ ինչ է արել, ինչ չի արել: Այսպես չարությամբ, սեփական բացառիկության վրա համոզված վերադառնալը մեծ հակազդեցություն է ստեղծելու ժողովրդի շրջանում: Մեր կուսակցությունն այդ հակազդեցությունը ստեղծողներից մեկն է լինելու»,- նշեց նա:
Գալստյանը նաև հավելեց, որ իրեն չի զարմացնի, եթե նույն հարթակի վրա ավազակապետական ռեժիմի դեմ պայքարելու կոչերով տեսնենք թե՛ երկրորդ, թե՛ առաջին նախագահներին. «Քառյակի այս պլատֆորմը ցույց տվեց, որ առաջին նախագահին սատարող քաղաքական ուժը դարձել է ԲՀԿ PR կոնսուլտանտը:
Քոչարյանի հարցազրույցից հետո չեմ հիշում, որ ՀԱԿ-ի ինչ-որ բարձրաստիճան ներկայացուցիչ Քոչարյանի հարցազրույցը քննադատող հարցազրույց տար: Կարծում եմ, որ «Ժառանգությունը» չի միանա այս ամենին, իսկ մնացած երեք ուժերի վերաբերյալ մեծ վերապահում ունեմ»: