
Փոխվարչապետը ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ նախագահին՝ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանին

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն այսօր ՏԿՆ Ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմին ներկայացրել է կոմիտեի նորանշանակ նախագահ Վահե Հակոբյանին:
Փոխվարչապետը շնորհավորել և նոր պաշտոնում հաջողություններ է մաղթել կոմիտեի նորանշանակ նախագահին: Նշելով, որ Վահե Հակոբյանը ստանձնում է բավականին կարևոր և միաժամանակ բարդ ոլորտի ղեկավարման պատասխանատվությունը, փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ նրան կhաջողվի իրականացնել կառույցի առջև դրված խնդիրները:
«Ոլորտում իրականացվում են և առաջիկա տարիներին ևս իրականացվելու են հանրապետությունում ոռոգման և խմելու ջրի ենթակառուցվածքների բարելավման և զարգացման բավականին լուրջ ծրագրեր, այդ թվում՝ ջրամբարաշինական խոշոր ծրագրեր: Համոզված եմ, որ պրն Հակոբյանն իր գիտելիքներն ու եռանդը կներդնի՝ դրանք հաջողությամբ կյանքի կոչելու համար»,- ընդգծել է Ա. Գևորգյանը:
Վահե Հակոբյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և հավաստիացրել, որ կանի հնարավորը՝ իր առջև դրված խնդիրները լուծելու և ոլորտում արձանագրված ձեռքբերումները շարունակելու համար:
Փոխվարչապետը նաև արդյունավետ աշխատանքի համար շնորհակալություն է հայտնել կոմիտեի նախկին նախագահ Անդրանիկ Անդրեասյանին՝ նշելով, որ վերջին տարիներին համակարգում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել: Ոլորտում ունեցած ավանդի և երկարատև աշխատանքի համար Ա. Անդրեասյանը պարգևատրվել է Տարածքային կառավարման նախարարության հուշամեդալով:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության լրատվական ծառայություն