Փոխվարչապետն Աշտարակում ծանոթացավ ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրի ընթացքին

Այսօր Արագածոտնի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այցելեց Ծաղկահովիտ համայնք, մարզպետի, համայնքապետի եւ Քաղաքաշինության նախարարության պատասխանատուների ուղեկցությամբ ծանոթացավ պետական բյուջեի միջոցներով վերակառուցված բազմաբնակարան շենքի պայմաններին:
Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:

Փոխվարչապետը տեղում պատասխանատուների հետ քննարկեց շենքի տեխնիկական վիճակին, կատարված աշխատանքների որակին, բնակարանների բաշխմանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ քննարկման ընթացքում ներկայացված նկատառումները հաշվի առնելով՝ Քաղաքաշինության նախարարությունը բնակարանների բաշխման վերաբերյալ համապատասխան առաջարկություններ կներկայացնի կառավարություն:

Փոխվարչապետն այնուհետեւ այցելեց Աշտարակ քաղաք, որտեղ ծանոթացավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Համայնքային ջրամատակարարման ծրագրի» շրջանակում կատարվող աշխատանքների ընթացքին: Ծրագրի՝ «Աշտարակ քաղաքի եւ հարակից չորս գյուղերի ջրամատակարարման համակարգերի վերակառուցում» բաղադրիչով ջրամատակարարման համակարգերը բարելավվում են Աշտարակ, Օհանավան, Կարբի, Մուղնի եւ Սասունիկ համայնքներում: Պատասխանատուները տեղեկացրին, որ արդեն իրականացված է պայմանագրով նախատեսված ընդհանուր աշխատանքների մոտ 60 տոկոսը, իսկ Աշտարակ քաղաքում՝ մոտ 50 տոկոսը: Քաղաքում կատարվում են պոմպակայանի վերակառուցման, ներթաղամասային ջրագծերի, անհատական տների համար մուտքագծերի կառուցման, ջրաչափական հորերի տեղադրման աշխատանքներ:
Փոխվարչապետը կարեւորեց աշխատանքների՝ որակով իրականացումը, պատասխանատուներին հորդորեց դրանք կազմակերպել այնպես, որպեսզի բնակիչների համար լրացուցիչ անհարմարություններ չստեղծվեն, ինչպես նաեւ մատակարարվող ջրի որակի հետ կապված խնդիրներ չառաջանան:

Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

 

Տեսանյութեր

Լրահոս