Անդրանիկ Միհրանյան. «Մաքսային Միությանն միանալու որոշումը Հայաստանի կատարած ամենաշրջադարձային և ճշգրիտ քայլն էր»

«Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային Միությանն միանալու որոշումը Հայաստանի կողմից կատարած ամենաշրջադարձային և ճշգրիտ քայլն էր»,- Մանկավարժական համալսարանում այսօր հայտարարեց քաղաքագետ, Ժողովրդավարության և համագործակցության ինստիտուտի Նյու-Յորքյան ներկայացուցչության ղեկավար, պրոֆեսոր, Հայկական պետական մանկավարժական համալսարանի պատվավոր դոկտոր Անդրանիկ Միհրանյանը՝ «Հայաստան, Եվրասիական տնտեսական միության հեռանկարներ, Ուկրաինական ճգնաժամ» թեմայով դասախոսության ժամանակ: «Անվիճելի ճշմարտություն է՝ չես կարող անվտանգությունդ ապահովել մի համակարգում, իսկ տնտեսական բերեկեցությունը՝ մեկ այլ»,-ընդգծեց քաղաքագետը:

Հիշեցնենք, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքային միությանն, ապա նաև Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու Հայաստանի որոշման մասին:

«Արտաքին քաղաքականության ձևավորման ժամանակ պետությունների համար պետք է լինեն առաջնահերթություններ. Հայաստանի համար այդ առաջնահերթությունը անվտանգությունն է. մենք չպետք է մոռանանք, որ մի կողմից գտնվում ենք «տաք», մյուս կողմից՝ սառը պատերազմում»,-ասաց Անդրանիկ Միհրանյանը եւ հավելեց, որ եթե կան մեծ պետություններ, որոնք ստանձնաձնում են տվյալ երկրի անվտանգության երաշխավորությունը՝ նշանակում է այդ պետությանը կամ կառույցին այլըտրանք չկա:

Անդրադառնալով Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հետեւանքներին՝ Անդրանիկ Միհրանյանն ասաց, որ այն կնպաստի և՛ ՀՀ տնտեսական աճին , և՛ ներդրումային դաշտի ընդլայնմանը, և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Խոսելով ուկրաինական ճգնաժամի մասին, Անդրանիկ Միհրանյանը նկատեց, որ Ուկրաինայի նման ունիտար երկիրն ազգայնական ուժի ղեկավարմանն անցնելու պարագայում կկործանվի, ինչի ականատեսն ենք այսօր:

Քաղաքագետը կարևորեց Ղրիմի ինքնորոշման հարցում ՀՀ պաշտոնական դիրքորոշումն ու ամենաբարձր մակարդակով հանրաքվեի լեգիտիմության ճանաչումը, և նշեց, որ այդկերպ Հայաստանը ևս մեկ անգամ հաստատեց իր մոտեցումը ՄԱԿ-ի հիմնարար սկզբունքերից մեկի՝ ազգային ինքնորոշման իրավունքի վերաբերյալ:

 

Տեսանյութեր

Լրահոս